Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան կարգավորումը հսկայական դրական ազդեցություն կունենա»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը Ղարաբաղի հարցով, Սոչի, 23-ը հունվարի, 2012թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը Ղարաբաղի հարցով, Սոչի, 23-ը հունվարի, 2012թ.
Առաջիկա տասնամյակի ընթացքում դժվար թե հնարավոր լինի հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, կարծիք են հայտնում Եվրամիության փորձագետները «Համաշխարհային միտումները մինչեւ 2030 թվականը» զեկույցում, որը ֆինանսավորել է Եվրամիության կառավարությունը՝ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները պարզելու նպատակով։

Փորձագետները փաստում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ճանապարհ կարող են հարթել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումն ու հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը։

«Ղարաբաղյան խնդիրը Հարավային Օսիայից ու Աբխազիայից ավելի դժվարին է, որովհետեւ այստեղ ներգրավված են տարածաշրջանի մի քանի դերակատարներ», - կարծիք են հայտնում եվրոպացի փորձագետները եւ փաստում. - «Ռուսաստանը այն կարգավորելու մեծ կամք է դրսեւորում, սակայն երկուստեք աճող աննախադեպ արմատականացումը ցույց է տալիս, որ դրսի ուժերի ջանքերը սահմանափակ են կարգավորումը առաջ տանելու հարցում»։

Վերլուծելով առկա իրավիճակը՝ փորձագետները միաժամանակ ընդգծում են, որ այս հակամարտության կարգավորումը կարող է հսկայական դրական ազդեցություն ունենալ Կովկասի քաղաքական ու տնտեսական զարգացման վրա։

Զեկույցը լավատես չէ նաեւ տարածաշրջանի մյուս հակամարտությունների՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցում, նշելով, որ դրանցում ներքաշված երկրները գնալով արմատականացնում են դիրքորոշումները, ինչը ապագայում շատ դժվար կլինի հաղթահարել։

«Շատ հնարավոր է, որ Հարավային Օսիան եւ Աբխազիան դառնան Ռուսաստանի տնտեսական կառույցների հետ առավել ինտեգրված երկրներ», - փաստում են եվրոպացի փորձագետները՝ ընդգծելով. - «Ռուսաստանը չի վերանայի երկուսի անկախությունը ճանաչելու մասին որոշումը, ինչը խարխլում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ համատեղ կարգավորում գտնելու ջանքերը»։

Առաջիկա 20 տարիների հնարավոր զարգացումների շարքում փորձագետները նաեւ փաստում են, որ մինչ այդ Թուրքիան առավել մեծ ազդեցություն կունենա միջազգային ասպարեզում, սակայն դժվարանում են կանխատեսել՝ արդյոք մինչեւ 2030 թվականը Թուրքիան վերջնականապես կհաջողի՞ անդամակցել Եվրամիությանը։

Մինչ այդ, ըստ եվրոպացի փորձագետների, Թուրքիան պետք է մի շարք մարտահրավերներ հաղթահարի, այդ թվում՝ արձագանքի հայերի եւ քրդերի պահանջներին ու իրավունքներին, ապահովի սեփական էներգետիկ անվտանգությունը եւ բնական ռեսուրսների լավ կառավարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG