Մատչելիության հղումներ

Հարթունյանի գործով վկան հակասական ցուցմունք է տալիս


Այսօր կայացավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, բարերար Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստը:

Նիստից առաջ դատապաշտպան Հայկ Ալումյանը խնդրեց, որ վկայի հարցաքննության ընթացքում գործով անցնող մյուս վկաները չլինեն դահլիճում:

Գործով դատավոր է նշանակված Ալեքսանդր Ազարյանը, իսկ մեղադրողը դատախազ Բագրատ Պետրոսյանն է:

Այսօր հարցաքննվելու էին Հարթունյանների ընտանիքին պատկանող GH Storage Enterprises ընկերության նախկին աշխատակիցներ Աստղիկ Գրիգորյանը, Արսեն Արտաշեսյանը, ինչպես նաեւ գործով առանցքային վկաներ Արտյոմ Մարտիրոսյանը եւ Սեւակ Արզարունին: Հիշեցնենք, որ Սեւակ Արզարունին վերջերս գտնվում էր Հայաստանից դուրս, չնայած, ըստ Հարթունյանների տարածած մամլո հաղորդագրության, այս ողջ գործընթացում որոշիչ դեր ունի:

Վկաներից Աստղիկ Գրիգորյանը ցուցմունք տվեց, որ տեսել է, թե ինչպես է հաշվապահ Արթուր Գալստյանը հաշվիչ դրամարկղային սարքի միջոցով ՀԴՄ-ներ տպում, սակայն որեւէ բան այդ ընթացքում չի վաճառում եւ դրա դիմաց քաղաքացուց գումար չի ստանում:

Նույնն ասաց նաեւ ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը: Սակայն նրա ցուցմունքներում հակասություններ կային:

Մեղադրող դատախազ Բագրատ Պետրոսյանի հարցին, թե արդյոք փոխտնօրեն Անի Մնացականյանը կարող էր հաշվապահ Արթուր Գալստյանին հանձնարարական տալ, որ «ՀԴՄ սկսի տպել կամ չտպել, կամ գումարներ թաքցնել կամ չթաքցնել», Արտյոմ Մարտիրոսյանը պատասխանեց. - «Իմ ղեկավարման շրջանում այդպիսի բան չեմ տեսել, որ Անին Արթուրին կարգադրի»:

Սակայն իր նախաքննական ցուցմունքների մեջ նա նշել էր, որ այդպիսի հանձնարարություն Արթուր Գալստյանին տվել էին ինչպես Նարեկ Հարթունյանը, այնպես էլ Անի Մնացականյանը:

«Քննիչի մոտ ասել եք` Անին տվել է ցուցում Արթուրին, դատարանում ասում եք՝ չի տվել: Ո՞րն է ճիշտը», - հարցրեց դատավորը:

Ի պատասխան Արտյոմ Մարտիրոսյանը նշեց, որ իր նախաքննական ցուցմունքները դատախազի ընթերցելուց հետո հիշեց:

Արձագանքելով Արտյոմ Մարտիրոսյանի ցուցմունքներին՝ Նարեկ Հարթունյանը հայտարարեց. - «Արտյոմ Մարտիրոսյանի կեղծ ցուցմունքի հիման վրա, մեզ բանտարկել էին (ի նկատի ունի դեկտեմբերի 10-ին իր, Անի Մնացականյանի եւ Արթուր Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը): Այս մարդը թշնամական է տրամադրված մեր դեմ»:

Դատական նիստը հետաձգվեց՝ Արթուր Գալստյանի վատառողջության պատճառով: Գործով առանցքային վկա Սեւակ Արզարունին չհարցաքննվեց: Հաջորդ դատը նշանակվել է մայիսի 7-ին:

Հիշեցնենք , որ Նարեկ Հարթունյանը, իր տնօրինած GH Storage Enterprises ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանը եւ ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով` հարկերից, տուրքերից եւ պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու մեջ:

Հիշեցնենք նաեւ, որ հարկային չարաշահումները հայտնաբերվել են այն ժամանակաշրջանից ի վեր, երբ ընկերության տնօրեն է եղել Արտյոմ Մարտիրոսյանը, սակայն նա գործի շրջանակներում անցնում է որպես վկա:


please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG