Մատչելիության հղումներ

Քոչարյանը քննադատում է իշխանություններին


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ լիարժեք պատասխան չունի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք վերադառնալ մեծ քաղաքականություն: Այս մասին Քոչարյանը հայտարարել է «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։

«Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ», - նշել է Հայաստանի երկրորդ նախագահը:

«Ի՞նչ կապ ունեք «Բարգավաճ Հայաստանի» հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը»: Վերջին շրջանում մամուլում եւ զանազան քաղաքագիտական քննարկումներում ակտիվորեն շրջանառվող այս հարցին ի պատասխան, Քոչարյանը նշում է․ - «Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում: ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձեւաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեւի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների եւ մարզպետների մեծամասնությունը»:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանին՝ Ռոբերտ Քոչարյանը, իր խոսքով՝ մի գաղտնիք է բացում․ - «Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին եւ չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին»:

Նախկին նախագահը հավելել է, թե ընդհանուր առմամբ, ուրախ է, որ ԲՀԿ-ն «հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում» եւ կարծիք է հայտնել, որ դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասում է, թե դժգոհ է գործող իշխանության գործունեության արդյունքներից, իսկ իր հարաբերություններն իշխանության հետ միանշանակ չեն:

«Ինձ ընդդիմություն չեմ համարում եւ հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին», - նշում է երկրորդ նախագահն ու հետեւյալ ուշագրավ դիտարկումն անում․ - «Երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության «ձայնաազդանշանային համակարգը» արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում»։

please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG