Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ ընտրությունները կարող են կեղծվել


Վարդան Օսկանյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, փետրվար, 2012թ.
Վարդան Օսկանյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, փետրվար, 2012թ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մտավախություն ունի, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են կեղծվել: Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց ԲՀԿ-ին համեմատաբար վերջերս անդամակցած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Պետք է դիտարկել էս բոլորը նաեւ մեր անցած ճանապարհի կոնտեքստում։ Եթե մեր նախորդ ընտրությունները շատ նորմալ անցած լինեին, խնդիր չունենայինք, օրինականության հարցեր չծագեր, իհարկե, ձեր հարցը արդարացի կլիներ` առ այն, որ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը ինչ-որ մտահոգություն ունի, որ կկեղծվի։ Իհարկե ունի մտահոգություն. մեր անցած ճանապարհն է դա ցույց տալիս, առավել եւս` այսօրվա առկա ցուցակներն են դա ցույց տալիս, ընդհանուր խոսակցությունները, տարբեր տարածքներում ինչ-որ արվող գործողությունները», - ասաց Օսկանյանը։

Հարցին, թե ո՞վ կարող է կեղծել ընտրությունները, նախկին արտգործնախարարը արձագանքեց. - «Միշտ էլ լծակները իշխանության ձեռքում է եղել, այսինքն` հայտնություն չի, էլի, որ ասենք` վերջիվերջո, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու-չանցկացնելու ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ուսերի վրա է։ Դա այդպես է` մեր օրենսդրությունն է այդպես, մեր կառուցվածքը` քաղաքական համակարգի, այդպիսին է»։

«Իշխանությունները ես չեմ ասում, որ էդպես նստած ինչ-որ դավադրությունների մեջ են եւ այլն, բայց իշխանությունները ցանկանում են այս ծանր պայմաններում հաջողության հասնել, երբ ընդհանուր հոսանքը ավելի իրենց դեմ է, եւ ուզում են պահել իրենց քաղաքական մենաշնորհը` դա արդեն, ես կարծում եմ, որ շատ հստակ սիգնալ է տարածաշրջաններում բոլոր այն կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին։ Նույնիսկ եթե նրանք ուղիղ հրամաններ չունեն, մեր անցած ճանապարհը դա ցույց է տալիս` նրանք կարծեք թե իրենց վրա արդեն պատասխանատվություն են դնում, որ լավ արդյունքներ պետք է տան, որովհետեւ հետո կարող են նրանց աշխատանքից հանել», - ասաց Վարդան Օսկանյանը։

«Այսինքն, արջի ծառայություն մատուցելու գործոնը մեր մոտ իսկապես աղետներ է գործել նախկինում եւ շարունակելու է գործել, եւ այս ընտրություններին, ես վախենում եմ, որ կարող է ավելին լինի, որովհետեւ իսկապես հոսանքը այսօր դեպի փոփոխությունն է։ Այդ փոփոխության այլընտրանքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, բայց, մյուս կողմից, իշխող կուսակցությունը, բնականաբար, ուզում է իր տեղերը պահի, նույնիսկ ասում է` ուզում է ավելացնի, եւ այդ բոլորը` քաղաքական այդ խոսակցությունը, հայտարարությունները, այդ բոլոր մարդկանց հստակ ուղերձ է, որ` «գնացե՛ք, մեզ համար դրական արդյունքնե՛ր բերեք»։ Բայց եթե չկա դաշտը, կամ էդ պարարտ հողը` էդ դրական արդյունքը բերելու, էդ մարդիկ կարող են ամեն ինչի էլ գնալ», - ընդգծեց նախկին արտգործնախարարը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը օրերս հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, որի մեջ մտնում են Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը եւ «Բարգավաճ Հայաստանը», կարող է հանդես գալ միասնական ակցիաներով: Հարցին, թե միասնական ակցիաների հետ կապված ի՞նչ մոտեցում ունեն ԲՀԿ-ում, Օսկանյանը պատասխանեց․ - «Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ նորմալ անցնի եւ նման բաների կարիք չլինի։ Դրա համար այս պահին եկեք չնախապաշարվենք։ Ես կարծում եմ, որ դա շատ լուրջ քաղաքական որոշում է, որը, բնականաբար, քաղաքական ուժերը կկայացնեն ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետո»։

«Ամեն ինչ զրոյից է սկսվելու»


Վարդան Օսկանյանը եւս մեկ ուշագրավ հայտարարություն արեց. ըստ նրա` մայիսի 6-ից, այսինքն` խորհրդարանական ընտրություններից հետո, կոալիցիոն հուշագիրը այլեւս չի գործելու, «ամեն ինչ զրոյից է սկսվելու», ուստի կոալիցիոն հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն գործելու:

Հիշեցնենք, որ իշխանության մաս կազմող երեք քաղաքական ուժերի` Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Օրինաց երկրի» ղեկավարները անցած տարվա փետրվարի 17-ին ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր, ուր, մասնավորապես, նշված է. «քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի»:

«Անկախ նրանից, թե ով ինչպես կուզենա շահարկել այդ հուշագիրը, որը ստորագրվել է, ընտրության հաջորդ օրվանից նոր պայմանավորվածություններ պետք է լինեն՝ հենվելով արդեն նոր ստեղծված իրավիճակի վրա», - հայտարարեց Օսկանյանը։

Հարցին, թե գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելո՞ւ է գործող նախագահի թեկնածությունը, Վարդան Օսկանյանը կարծիք հայտնեց, որ՝ «շատ շուտ է դեռ դրա մասին խոսելը, մեր կենտրոնացումը հիմա խորհրդարանական ընտրությունների վրա է, եւ դրանց արդյունքներից է կախված, ես կարծում եմ, հետագա որոշումը»։

Անդրադառնալով իր կողմից իշխող կոալիցիան «ձեւական» գնահատելուն եւ այդ գնահատականի առնչությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկնաբանությանը, թե կոալիցիան ձեւական չի եղել, Վարդան Օսկանյանը պարզաբանեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում «էական հարցերի շուրջ» տարակարծություններ չկան․ - «ԲՀԿ ընդհանուր ծրագրի շուրջ տարակարծություններ չկան, նպատակների շուրջ՝ չկա, քաղաքական մոտեցումների շուրջ՝ չկա։ Կարող է տարաձայնություններ լինեն իրավիճակի գնահատական տալու մեջ, որը շատ բնական է, եւ ես կարծում եմ, որ նույնիսկ եթե տարակարծություններ անվանենք դրանք, դա վատ բան չէ, շատ առողջ բան է, եւ մեր քաղաքական մշակույթի մեջ աննախադեպ կլինի։ Ես շատ ուրախ կլինեի, օրինակ, եթե Հանրապետական կուսակցությունում էլ տեսնեի տարակարծություններ»։

please wait

No media source currently available

0:00 0:06:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG