Մատչելիության հղումներ

logo-print

Դիտորդական կազմակերպությունը «անհասկանալի» փաստեր է արձանագրել


«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյան

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ամենախոշոր՝ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը «անհասկանալի» եւ «մտահոգիչ» փաստեր է արձանագրել ընտրացուցակներն ուսումնասիրելիս:

Կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն այսօր իրենց դիտարկումների արդյունքները ներկայացնելիս խոսեց միեւնույն հասցեներում հարյուրավոր անձանց հաշվառման, անծանոթ անուններով փողոցների առկայության, ուռճացված հասցեների մասին։

Նա մի քանի օրինակներ մատնանշեց․ Քանաքեռ շրջանցիկ թունել կոչվող հասցեի ընտրացուցակներում նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը 211-ով ավելացել է։ Ըստ Համբարձումյանի, նրանցից 40-ը 18 տարին նոր լրացած անձինք են, 171 անունների ավելացման պատճառը կազմակերպության համար անհայտ է: Այլ օրինակ․ Խաչատրյան փողոցի շենքերը ավարտվում են 33 հասցեով, սակայն ընտրացուցակներում առկա է Խաչատրյան փողոցի 123 համարի հասցե։

«Ուրեմն՝ գոյություն ունեն փողոցներ, որոնք ես չեմ էլ լսել։ Օրինակ՝ 12/11 տեղամասի ընտրացուցակներում՝ եկեղեցու բակ՝ 22 ընտրողով, Օդանավակայանի 50 փողոց, Նավթի բազա, Կիսակայարան 8-րդ կիլոմետր եւ այլն», - շարունակեց թվարկել Համբարձումյանը։ - «Եվ այդպիսի բազմաթիվ այլ օրինակներ»։

Միեւնույն ժամանակ, դիտորդական կազմակերպության ղեկավարը մի հասցեում հարյուրավոր մարդկանց գրանցելը համարում է օրենքի անկատարության հետեւանք, հիշեցնելով, որ կառավարության համապատասխան որոշումներով սեփականատերերը կարող են ցանկացած թվով մարդկանց գրանցել իրենց բնակարանում։

Դիտորդական այս կազմակերպությունը, ընդհանուր առմամբ, գոհ է ընտրարշավից, եւ կարծում է, որ այն մինչ այս պահն անցել է «զգալիորեն հավասարակշռված, հանգիստ ու անկաշկանդ մթնոլորտում»:

«Ի տարբերություն նախորդ ընտրությունների, չեն դիտարկվել քարոզարշավների խոչընդոտման մասսայական դեպքեր, անհարկի ոստիկանական միջամտություններ, ընտրողների վրա ակնհայտ ճնշումներ գործադրելու փաստեր, ինչպես նաեւ թաղային հեղինակությունների մասսայական միջամտություն ընտրական գործընթացներին՝ բացառությամբ մի շարք տեղային բնույթի միջադեպերի: ԶԼՄ-ներում էլ գերազանցապես պահպանվել է չեզոքություն»,- նշված է «Ընտրությունը քոնն է» կազմակերպության եզրակացության մեջ:

Դիտորդական մեկ այլ կազմակերպություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, համաձայն է, որ «նախորդ ընտրությունների համեմատ շատ բան է փոխվել»։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, թե՝ պարզապես ապօրինությունները ստացել են «գաղտնի եւ ծածուկ բնույթ»: Գրասենյակը հատկապես մտահոգված է իշխող Հանրապետական կուսակցության կողմից «վարչական ռեսուրսների անվերահսկելի օգտագործման փաստերով»։

Արթուր Սաքունցը նաեւ ընդգծեց, որ թեեւ իրավապահ մարմիններն օպերատիվ արձագանքում են բոլոր ահազանգերին, սակայն կատարվածին համարժեք իրավական գնահատական չի տրվում:
Հելսինկյան ասոցիացիան, որը պաշտոնապես չի հավատարմագրվել որպես դիտորդ, բայց դիտորդ-լրագրողների միջոցով վերահսկում է քարոզարշավը, համոզված է, որ «այս երկրում ոչինչ էլ չի փոխվել»։

Ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հիշնելով, որ քարոզարշավը սկսվեց որոշ թեկնածուների նկատմամբ բռնություններով, համոզմունք հայտնեց, որ դա առաջացրեց վախի մթնոլորտ եւ ընդդիմության ողջ քարոզարշավն անցավ այդ մթնոլորտում։

«Ամենասկզբում եղավ ու մարդիկ վախեցան։ Հիմա արդեն վախեցած է ժողովուրդը։ Դա նորմալ դիկտատուրական երկրի ձեւաչափ է», - հայտարարեց Դանիելյանը։

Ի դեպ, օրերս թիվ 11 ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու Արշակ Բանուչյանի քարոզչական նյութերը բաժանելու ընթացքը դիտարկելիս բռնության է ենթարկվել Հելսինկյան ընկերակցության դիտորդ Արման Վեզիրյանը։ Նրա պնդմամբ, 40-ն անց մի տղամարդ հայհոյել է շտաբի երիտասարդներին։ Արման Վեզիրյանը մոտեցել է, եւ ստացել բռունցքի երկու հարված։ Այս պահին դիտորդի աչքի տակ կապտած է։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում միջադեպի առիթով:

XS
SM
MD
LG