Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը կոչ է անում ընտրակաշառք բաժանողներին «համարժեք պատասխան տալ»


«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ղեկավար Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախ հանդիպեց արթիկցի, ապա նաեւ գյումրեցի ընտրողների հետ:

Գյումրիի Թատերական հրապարակում հիմնականում ՕԵԿ անդամներն էին հավաքվել ու սպասում էին իրենց կուսակցության ղեկավարին: Մինչ այդ հավաքվածներին իրենց կատարումներով ուրախացնում էին երգիչներն ու պարային խմբերը:

Հանդիպումը սկսեց թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը:

«Մարդիկ մտահոգված են իրենց ապագայով, եւ մենք տեսնում ենք, որ ինչ էլ լինի, ինչքան էլ փորձեն շիրակցիներին շեղեն իրականությունից, միեւնույնն է՝ շիրակցիները չեն շեղվի, որովհետեւ նրանք քաջ գիտակցում են, թե ինչ է նշանակում գրոշներով վստահության քվե տալը: Դրան հակառակ քաջ գիտակցում են, թե ինչ է նշանակում վստահության իրական քվե տալ, ինչպես մենք ասում ենք, ջիգյարով ձայներ», - ասաց Մարգարյանը:

Հովհաննես Մարգարյանի ելույթից հետո ներկաներին դիմեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

«Բայց Հովիկը որ խոսում էր, երեւում է բավականին անհանգստացած է: Փողերը բաժանել են արդե՞ն», - հարցրեց Բաղդասարյանն ու հավաքվածներից դրական պատասխան ստանալով՝ հորդորեց. - «Վերցրեք, ձայն մի տվեք, ինչ ասեմ: Էն մարդիկ, ովքեր արհամարհում են ժողովրդին, ժողովուրդն էլ պետք է կարողանա համարժեք պատասխան տալ»:

Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ Ազգային ժողովի ներկայիս պատգամավորներին. - «Մենք ունենք պատգամավորներ, որոնք համ խուլ են, համ լալ են: Խուլ լինելը շատ պարզ ուղերձ է. խուլ են, որովհետեւ նրանք չեն լսում ժողովրդի պրոբլեմները: Լալ են, որովհետեւ տեսնելով այդ պրոբլեմները ոչ մի բան չեն խոսում, նրանց համար միեւնույնն է: Ցավն այն է, որ քսան տարի Ազգային ժողովում մենք ունենք պատգամավորներ, որոնք խուլ եւ լալ լինելով հանդերձ, ինչպես իրենք են ասում մասնավոր զրույցներում, փողը կտանք, կառնենք, ոնց որ մի կիլո կարագ են առնում կամ մի կիլո միս: Դրա համար հայ ժողովուրդը մայիսի 7-ից հետո, եթե նորից պիտի ասի՝ վատ եմ ապրելու, պետք է առաջին հերթին իրեն մեղադրի: Ինքը չի կարող լավ ապրի, ո՞նց լավ ապրի, եթե մարդիկ թքում են ձեր թասիբի, արժանապատվության վրա եւ հայտարարում են՝ փողը տվել, առել եմ, ինձանից ի՞նչ ես ուզում»:

ՕԵԿ ղեկավարը խոսեց նաեւ արտագաղթից. - «Էսօր Շիրակի մարզի ժողովրդի կեսից ավելին խոպան է գնում: Ինչո՞ւ են մարդիկ խոպան գնում, ընտանիքները թողնում… որովհետեւ մարդիկ չեն կարողանում Հայաստանում հասնել հաջողության: Մարդիկ ուզում են աշխատանք, իրենց աշխատանքով իրենց տունը պահելու հնարավորություն»:

Բաղդասարյանը այնուհետեւ աշխատատեղերի ստեղծման իրենց ծրագիրն ու մոդելը ներկայացրեց. - «Մենք առաջարկում ենք Հայաստանում կոնկրետ գործիքների կիրառում, որը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել աշխատատեղեր ըստ տարբեր բնակավայրերի, ըստ տնտեսության ճյուղերի ստեղծել նոր աշխատատեղեր, հնարավորություն տալ մարդկանց իրենց աշխատանքով վաստակել իրենց հանապազօրյա հացը: Հայաստանում այսօր չափազանց ցածր է այն աշխատավարձը եւ կենսաթոշակը, որ ստանում են մարդիկ, այն կենսաթոշակը: Մենք առաջարկում ենք օրենքով նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակը հավասարեցնել մարդու կենսապահովման նվազագույն զամբյուղին»:

Վերջում էլ Բաղդասարյանը հավաքվածներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել կիրակի օրը կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ու ընտրել այն ուժին, որին հավատում եւ վստահում են:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG