Մատչելիության հղումներ

Քրեական գործ հարուցվել է միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀԱԿ-ի պատգամավորության թեկնածուների վրա հարձակման դեպքի առնչությամբ:

Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու, պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբը մինչ այս պահը 34 ահազանգ է ստացել:

Ինչպես չորեքշաբթի կայացած ասուլիսում ներկայացրին օպերատիվ շտաբի անդամները, քրեական գործ է հարուցվել միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուների վրա հարձակման դեպքի առնչությամբ: Քննությունը դեռ շարունակվում է, առայժմ չի հիմնավորվել, որ ոստիկանություն ներկայացած Վարդան Վարդանյանը իսկապես ծեծի է ենթարկել ՀԱԿ-ի ներկայացուցիչներին:

Մնացած դեպքերից 11-ի մասով կամ ահազանգը թողնվել է անհետեւանք անհիմն լինելու պատճառով, կամ էլ մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: 21 նյութեր նախապատրաստական փուլում են: Շտաբի ղեկավար, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց, որ ահազանգերից ընդամենը երկու դեպքն է ընտրակաշառքին վերաբերում:

«Ահազանգն էլ շատ վերացական է, բայց քանի որ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը, կա ոստիկանապետի հստակ ցուցումը, որ նույնիսկ ի սկզբանե ակնհայտ ապատեղեկատվությունը պետք է ստուգել, մենք ստուգում ենք, որպեսզի օբյեկտիվ պատկեր ներկայացնենք: Ահազանգողը ընդամենը ասել է՝ ես լսել եմ, որ այսինչը այսինչ տեղը ընտրակաշառք է բաժանում: Նյութեր են նախապատրաստվում, դեռեւս հարուցված գործ չկա», - ասաց նա:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ՝ ոստիկանությունը շուրջ 6500 տեղեկություններ է ստացել ընտրացուցակների անճշտության հետ կապված, որոնց առյուծի բաժինը, շուրջ 5600-ը վերաբերել են մահացած մարդկանց անունները ցուցակներում ընդգրկելուն: Հատկանշական է, որ ավելի քան 3800 անունների հետ կապված ընտրացուցակներում կատարվել են ուղղումներ: «Սա վատ վարչարարության հետեւանք չէ», - այսօր հայտարարեց Արթուր Օսիկյանը՝ շեշտելով, որ ժամանակին լիազոր մարմնից մահվան մասին տեղեկություններր չեն ստացել:

«Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ ունենք ուղղակի լավ ընտրողների ցուցակ. կարելի է իսկապես հանգիստ եւ շատ համարձակ ձեւով ասել, եւ աննախադեպ ընտրական ռեգիստր ունենք բոլոր ընտրությունների հետ համեմատած», - ասաց Օսիկյանը:

Իսկ ընտրացուցակների շուրջ այս աղմուկի մեջ փոխոստիկանապետը միտում է տեսնում. - «Ակնհայտ սուտ կամ չհիմնավորված տեղեկություններ են տարածվել կամ ներկայացվել ոստիկանությանը, բայց բոլոր դեպքերում մենք չենք զլացել մեկ անգամ եւս տվյալ տեղեկությունը ճշտել, եւ այդ մասին պարբերաբար տրվել են պարզաբանումներ», - ասաց փոխոստիկանապետը:

Արթուր Օսիկյանը այսօր հատուկ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե ընտրացուցակների անճշտությունները հատուկ հանձնարարականով են ստեղծվել: Օսկանյանը ուշադրություն էր հրավիրել կրկնվող անունների վրա` պնդելով, որ դրանք հասնում են տասնյակ հազարների:

Փոխոստիկանապետը մեկ օրինակ բերեց. - «Վարդան Օսկանյանը նշեց Արմեն Վահագնի Պողոսյան կամ Պաղոսյան, ասաց, որ տվյալ անձավորության հետ կապված միտումնավոր մուտքագրվել է երկու անձնագիր մեկ անձի վերաբերյալ: Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ասաց Օսիկյանը՝ պարազաբանելով. - «Նշված մարդը երկու անգամ է անձնագրավորվել, առաջին անձանգիրը վաղուց ոչնչացված է»:

Անդրադառնալով հաճախ հանդիպող զրոներով ծննդյան տարեթվերին՝ Արթուր Օսիկյանը բացատրեց, որ խոսքը շուրջ 53 հազար հիմնականում հայրենադարձների մասին է, որոնց ծննդյան իրական ամսաթիվը հայտնի չէ, քանի որ փաստաթղթերը չեն պահպանվել:

Ի դեպ, քվեարկության օրը Հայաստանի շուրջ 2000 ընտրատաղամասերում հերթապահելու են մոտ 9 հազար ոստիկաններ:

«Ընտրությունները տոն են», - այսօր հայտարարեց ոստիկանությունում ստեղծված շտաբի պետը` պնդելով, որ խիստ կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն օգտվել, ի ձեւակերպմամբ, թվացյալ արտոնություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG