Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիի հեռուստատեսությունը սկսել է հեռարձակումը


Բիձինա Իվանիշվիլին հանդիպում է լրագրողների հետ, Թբիլիսի, ապրիլ, 2012թ.

Բիձինա Իվանիշվիլին հանդիպում է լրագրողների հետ, Թբիլիսի, ապրիլ, 2012թ.

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հինգ ամիս առաջ իր հեռարձակումը սկսեց ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հեռուստաընկերությունը: «Իններորդ ալիք» կոչվող հեռուստաընկերության համասեփականատերը Իվանիշվիլիի կինն է՝ Եկատերինա Խվեդելիձեն։

Երկուշաբթի երեկոյան հեռուստաընկերության առաջին հաղորդումը լուրերի թողարկում էր:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Իններորդ ալիք»-ի գործադիր տնօրեն Կախա Բեկաուրին ասել է, որ հեռուստաընկերությունը առայժմ կաշխատի փորձնական ռեժիմով` օրվա ընթացքում երեք անգամ լուրերի հաղորդումներ կունենան, ինչպես նաեւ տիկնիկներով արվող քաղաքական երգիծանք։ Մնացած ժամանակահատվածում մինչեւ հունիսի վերջը կցուցադրվեն գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմեր։ Հունիսից հետո պլանավորում են ավարտել հեռուստաընկերության ձեւավորումը որպես տեղեկատվական լրատվամիջոց։

«Իններորդ ալիք»-ի հաղորդումները հեռարձակվում են արբանյակային կապով, կաբելային կապով, ինչպես նաեւ ինտերնետով։ Արբանյակային կապը ապահովում է թուրքական օպերատորը` Turksat ընկերությունը, իսկ կաբելային կապը` Global TV ընկերությունը, որի բաժնետոմսերի 60 տոկոսից ավելին պատկանում է Բիձինա Իվանիշվիլիի եղբորը` Ալեքսանդր Իվանիշվիլիին։

Լուրերի թողարկումը վարում է Նաթիա Լազաշվիլին, ով նախկինում աշխատել է «Ռուսթավի - 2» հեռուստաընկերությունում։

Հաղորդավարը նշել է, որ չնայած արհեստականորեն ստեղծված դժվարություններին` «Իններորդ ալիք»-ը սկսում է հեռարձակումը։

Հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհրաժեշտ սարքավորումները ներկրելու ժամանակ մաքսային անցակետում դրանք միտումնավոր վնասելու դեպքեր են գրանցվել։

Իվանիշվիլիի հեռուստաընկերության հեռարձակումների սկսվելուն անդրադարձել է նաեւ Bloomberg կայքը` գրելով, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին քննադատող Իվանիշվիլին ապրիլի 5-ին ասել է, թե ցանկանում է դառնալ Վրաստանի հաջորդ վարչապետը, նա կուսակցություն է ձեւավորել հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Bloomberg-ը նշում է, որ Forbes հանդեսը Իվանիշվիլիի կարողությունները 6 միլիարդ 400 միլիոն դոլար է գնահատել, եւ հիշեցնում, որ անցյալ տարի նրան զրկել են Վրաստանի քաղաքացիությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG