Մատչելիության հղումներ

Սարկոզին ու Օլանդը կբանավիճեն ուղիղ եթերում


Եվս մի քանի ժամ` եւ Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը կբանավիճեն ուղիղ հեռուստաեթերում: Ֆրանսիացի սոցիոլոգների պնդմամբ` այս բանավեճը կդիտի առնվազն 20 միլիոն հեռուստադիտող:

Բանավեճի ընթացքում Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներն էլ փորձելու են մայիսի 6-ի քվեարկությունից չորս օր առաջ իրենց կողմը գրավել դեռեւս չկողմնորոշված ընտրողներին: Վերջիններիս ամենամեծաթիվ խումբը ազգայնականներն են, որոնց առաջնորդ Մարին Լե Պենը նախագահական ընտրությունների առաջին փուլում մոտ 6 միլիոն քվե է ստացել:

Ակնկալվում էր, որ երեքշաբթի օրը Ժաննա դ՛Արկի հիշատակին նվիրված ամենամյա քայլերթի ընթացքում «Ազգայնական ճակատի» առաջնորդը կդիմի իր կողմնակիցներին` հստակեցնելով դիրքորոշումը երկրորդ փուլից առաջ: Մարին Լե Պենը, սակայն, անուղղակիորեն կոչ արեց բոլորին դեմ քվեարկել: «Ես այդ երկու թեկնածուներից ոչ մեկին էլ չեմ վստահում: Նրանցից մեկը ցանկանում է, որ աջերը հաղթեն, մյուսը ձգտում է ձախ ուժերի հաղթանակին: Սա մի մոտեցում է, որի պատճառով Ֆրանսիան կորցրեց վերջին 30 տարիները: Այդ իսկ պատճառով, մայիսի 6-ին ես դատարկ քվեաթերթիկն եմ նետելու քվեատուփի մեջ», - հայտարարեց Լե Պենը:

Նախօրեին ֆրանսիական IFOP սոցիոլոգիական ծառայությունը հրապարակեց փարիզյան Paris Match հանդեսի պատվերով անցկացված հետազոտության արդյունքները, որոնց համաձայն` Նիկոլա Սարկոզիի վարկանիշը դանդաղորեն աճում է, սակայն դեռ 8 կետով զիջում է սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդին: Սարկոզիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 46, իսկ Օլանդի օգտին` 54 տոկոսը։

Ֆրանսիացի սոցիոլոգները նաեւ փորձել են պարզել, թե ինչպես են բաշխվելու առաջին փուլում ետնապահ թեկնածուների օգտին տրված քվեները: Մարին Լե Պենի կողմնակիցների 43 տոկոսը, օրինակ, կիրակի օրը քվեարկելու է Սարկոզիի, իսկ 18 տոկոսը` Ֆրանսուա Օլանդի օգտին: «Ավելի քան 6 միլիոն կազմող ազգայնական ընտրազանգվածի մի զգալի հատվածը սակայն` մոտ 40 տոկոսը, դեռ չի կողմնորոշվել», - նշում են սոցիոլոգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG