Մատչելիության հղումներ

Մայիսի 2-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Երեկ նախընտրական քաղաքական թոհուբոհը որոշակիորեն ստվերվեց Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ կատարած այցով, որի ընթացքում Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները, քանի որ դրանք «գեղեցիկ չեն»։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն այսպիսով փորձեց Մաշտոցի պուրակում ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական քարոզչական շահերին, սակայն միեւնույն ժամանակ, նա փորձեց պահել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմքը եւ PR անել ոչ թե նրա, այլ Մաշտոցի պուրակի ակտիվիստների հաշվին։ Իրականում, սակայն, այստեղ իհարկե միայն առաջին հայացքից է Սերժ Սարգսյանը իր PR-ն անում ակտիվիստների հաշվին, իսկ, ըստ էության, նա ոչ թե PR է անում, այլ է՛լ ավելի է սրում Մաշտոցի պուրակի խնդիրը։ Բանն այն է, որ ակտիվիստները բարձրացնում էին ոչ միայն կրպակների ապամոնտաժման, այլ ընդհանրապես դրանց տեղադրման օրինականության հարցը, իսկ Սերժ Սարգսյանն այդ հարցից խուսանավում է եւ այսպես ասած` գեղագիտական հիմքեր է փորձում դնել ապամոնտաժման հանձնարարականի տակ։ Այսինքն` օրինականության խնդիրը, սահմանադրականության խնդիրը, որը գլխավորն է Մաշտոցի պուրակում, շարունակում է մնալ բաց»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ուրախալի է, որ պետության ղեկավարի մակարդակով ուշադրություն դարձվեց արդեն երկար ժամանակ հրապարակայնորեն արծարծվող քաղաքաշինական բնույթ ունեցող խնդրին։ Եվ, կարծում ենք, ողջունելի է, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց անձամբ ու տեղում ծանոթանալ խնդրին ու, քաղաքային իշխանության մինչ այս արած քայլերի ճիշտ լինելն ընդգծելով հանդերձ, պարզորոշ ներկայացրեց իր մոտեցումը՝ պետք է Երեւանում լինեն «աչք շոյող» կառույցներ, իսկ կրպակապատված պուրակը ստուգապես աչք չի շոյում։ Այնպես որ, անկախ նրանից, թե ով ինչ հորինվածքներ կտարածի կամ խեղաթյուրված ընկալումներ կունենա «իր զանգակատնից», միեւնույն է, նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, երեկվա քայլն ու քաղաքապետին տրված ապամոնտաժման հորդորը ոգեւորիչ ազդեցություն են թողնում, ու միայն ողջունել կարելի է երկրի ղեկավարի մոտեցումը»։

«Երկիր»-ը գրում է. - «Մաշտոցի պուրակի ամիսներ ձգվող խնդիրն անսպասելիորեն լուծվում է, եւ, ինչպես երեւում է, բնապահպանների տեւական պայքարն ու հանրային կարծիքն ըստ էության ավելի նշանակություն չունեին, քան երկրի նախագահի գեղագիտական ճաշակը։ Մաշտոցի պուրակը կազատվի կրպակներից, սակայն դժվար թե քաղաքապետն ազատվի քննադատություններից, որովհետեւ բոլորի համար այլեւս ակնհայտ է, որ նախագահի ճաշակն ավելին է, քան այն բոլոր իրավական եւ օրենսդրական վկայակոչումները, որ անցած ամիսներին խիստ գիտականորեն կատարում էին քաղաքապետարանի գիտունները։ Սակայն Մաշտոցի պուրակի շուրջ դեպքերի զարգացումների հորձանուտում ամենահետաքրքիրն ու առեղծվածայինը մնում է ոչ թե նախագահի անակնկալ միջամտությունը, այլ միջամտության ժամանակը։ Որքան էլ պաշտոնական լրատվությունը բանը ներկայացնի այնպես, թե նախագահը մեկ այլ հանդիպման մեկնելիս է կանգ առել «պուրակականների» մոտ եւ հանպատրաստից ու հընթացս խնդրի լուծման ճանապարհ մատնանշել, միեւնույն է, շատ դժվար է իշխանությունների հանդեպ անվստահությամբ համակված ուղեղներն ազատել այն կասկածներից, թե նախագահի քայլը նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ չէ»։

«Առավոտ»-ը գրում է. - «Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ երկրի ղեկավարը նման հարցերին չխառնվեր, եւ խնդիրը լուծվեր իրավական դաշտում` չի կարելի կենտրոնական պուրակում «բուդկեք» կառուցել` եւ վերջ։ Ճիշտ նույն ձեւով, ավելի լավ կլիներ, որ քաղբանտարկյալներին ոչ թե նախագահը ներում շնորհեր, այլ նրանք արդարացվեին` չի կարելի մարդկանց դատապարտել քաղաքական հայացքներ արտահայտելու համար։ Բայց մեր պետական համակարգի, մեղմ ասած, արատները ստիպում են, որ խնդիրները լուծվեն վերեւից, այլ ոչ թե նորմալ, իրավական ճանապարհով։ Բոլոր դեպքերում կարեւորն, ի վերջո, արդյունքն է. Մաշտոցի պուրակում տաղավարներ չեն լինելու»։

«Հրապարակ»-ում կարդում ենք. - «Անգամ եթե ընդունենք, որ սա նախօրոք բեմականացված թատրոն էր, ապա կնշանակի, որ իշխանությունը ջանք է գործադրում հումանիստական դեմքով ներկայանալու համար: Չի վախենում հանրության պահանջը կատարելու եւ հանրության ճնշումներին տեղի տալու գործելաոճից: Կնշանակի՝ կարեւորում է հասարակության կարծիքն ու հատկապես ընտրությունների շեմին ամեն ինչ անում է նրա բարեհաճությունը նվաճելու համար: Կնշանակի՝ հույսն ընտրակեղծիքները չեն: Կնշանակի՝ փորձում է ազնիվ ճանապարհով ձեռք բերել մեր քվեն: Այս պարագայում արժե ողջունել կատարվածը, այլ ոչ թե նսեմացնել ու դրա մեջ միայն վատ բան տեսնել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG