Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի կրպակները ապամոտաժելու որոշումը կայացրել է` հաշվի առնելով հանրության կարծիքն ու մայրաքաղաքի շահը:

«Իհարկե, նաեւ հանրության կարծիքը հաշվի առնելով` նախագահը հրահանգել է քաղաքապետին, որպեսզի կարճ ժամանակահատվածում ձեւ գտնեն, որպեսզի օրենքի սահմաններում ապամոնտաժեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը` շարունակելով. - «Այստեղ չեմ կարծում որեւէ PR ակցիա կա: Սա ընդամենը բնորոշում է նախագահ Սարգսյանի քաղաքականությունը, որ նա ականջալուր է ցանկացած խնդրի լուծմանը»:

Հարցին, թե արդյոք նման որոշումը նաեւ երիտասարդ ակտիվիստների պայքարի արդյունքն է, իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց. - «Ես չեմ ուզում բնորոշել` երիտասարդների պայքարը արդյունք տվեց, քաղաքապետարանի ճիշտ աշխատանքը արդյունք տվեց, ոստիկանների ճիշտ պահվածքը արդյունք տվեց… Փաստ այն է, որ այսօր նախագահը իմաստուն որոշում կայացրեց»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք այդ խնդրի կապակցությամբ չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել Երեւանի քաղաքապետը` առանց նախագահի միջամտության, Շարմազանովն ասաց. - «Ցանկացած խնդիր, որն ունի հասարակական լուրջ արձագանք, ընտանիքի, հայրի կամ պետության ղեկավարի խնդիրն է նաեւ»:

Անդրադառնալով քաղաքական մի շարք ուժերի` այդ թվում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած հայցին, Շարմազանովը այդ քայլը որակեց «պոպուլիստական», քանի որ չի կարելի մեկ տարի առաջ կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքին, ապա արդեն նախընտրական շրջանում դատարան հայց ներկայացնել նույն օրենսգրքի դեմ:

«Փոխվել է մարդկանց նախընտրական մարտավարությունը եւ փոխվել է որոշ պատգամավորների նախընտրական ախորժակը եւ հնարքները», - հավելեց նա:

Շարունակելով` Շարմազանովն ասաց, թե բնական չէ, երբ «մնում ես իշխանության մեջ, բայց պատասխանատվությունը քո ուսերից գցում ես»:

Նա ընդգծեց, որ քաղաքական եւ տնտեսական կուրսի պատասխանատուն բոլոր երեք ուժերն են` ներառյալ «Բարգավաճ Հայաստան»-ը. - «Եվ կարիք չկա ընդդիմադրի կեցվածք ընդունել»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նկատմամբ ընդդիմադիր ՀԱԿ-ի «ջերմ վերաբերմունքին», ապա այս դեպքում էլ, Շարմազանովի խոսքով, արդարացված չէ քննադատել իշխանության մի հատվածին` ՀՀԿ-ին, իսկ մյուս հատվածին` ԲՀԿ-ին` ոչ:

«Ընդամենը մի բան կարող եմ ասել. թույլերը միշտ էլ ուժեղների դեմ պայքարում են: 4-5 օր է մնացել ընտրություններին: Եթե այս դինամիկան պահպանվի, ե'ւ սոցիոլոգիական հարցումները, ե'ւ նախագահի հանդիպումները ցույց են տալիս, որ Հանրապետականը միանշանակ կազմելու է մեծամասնութուն», - հավելեց նա:

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը ոչ մի ձայն չունեն, Շարմազանովը հակադարձեց. - «Դա վերջին ճիգերն են, կարապի վերջին երգն է: Մայիսի 6-ին կտեսնեք` ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում մեծամասնություն կկազմի Ազգային ժողովում ՀՀԿ-ն»:

Ազգային ժողովի փոխնախագահը պրոֆեսիոնալ չի համարում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույցը, որում, հիշեցնենք, նշվում է, որ ՀՀԿ-ն իր նախընտրական միջոցառումներին մասնակից է դարձնում նաեւ ուսուցիչներին ու աշակերտներին:

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ ոչ պրոֆեսիոնալզմի հոտ է գալիս, որովհետեւ այնտեղ նշված չեն նույն այն դրական ձեռքբերումները, այն բարեփոխումների դինամիկան, որը նաեւ արձանագրել են մեր շատ ընդդիմադիր գործընկեր կամ փորձագետներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը ինձ ավելի շատ հիշեցնում է քաղաքական կուսակցությունների հայտարարությունների հանրագումար, բայց ոչ փաստեր», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG