Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն սկսել է տեսախցիկներ բաժանել տարածքային կառույցներին


Իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրակեղծիքներից խուսափելու լավագույն միջոցներից է համարում ընտրատեղամասերում ընտրությունների ողջ գործընթացի նկարահանումը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Սա ես վերահսկողական կարեւոր մեխանիզմ եմ համարում, որովհետեւ երբեմն անհրաժեշտ է լինում ինչ-որ բան ապացուցել, բայց փաստական հիմքի բացակայության պատճառով հնարավոր չի լինում [ապացուցել]»։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, ԲՀԿ ներկայացուցիչները հանրապետության բոլոր՝ 1982 ընտրատեղամասերում տեղադրելու են տեսախցիկներ եւ նկարահանելու են «տեղամասերի բացման պահից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվարկը, բացի փակ գաղտնի քվեարկությունից»։

Արդեն տեսախցիկները բաժանվում են կուսակցության տարածքային կառույցներին:

«Բնականաբար, ոչ մի ընտրախախտում լռության չի մատնվելու։ Ամեն ինչի մասին բարձրաձայնվելու է», - վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այս օրերին ահազանգեր են լինում՝ հատկապես կրկնակի քվեարկությունների նախապատրաստման մասին։ Տեսագրմամբ, ըստ նրա, հնարավոր կլինի վերահսկել նմանատիպ երեւույթները:

Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստանը», որը ընդդիմադիր Դաշնակցության եւ Կոնգրեսի հետ անդամակցում է ընտրությունների վերահսկման միասնական շտաբին, օրերս միացավ նաեւ իշխող Հանրապետական կուսակցության նախաձեռնած՝ ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններին։

«Տարօրինակ կլիներ, եթե ինչ-որ մեկն ասեր՝ ես չեմ միանում մի հռչակագրի, որտեղ խոսվում է, որ ընտրությունները պիտի ընթանան ազատ, մրցակցային պայմաններում», - ՀՀԿ-ի նախաձեռնությունը միանալու՝ իրենց որոշումը մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը։

Ավելի վաղ այդ կանոններին միացել էին ՕԵԿ-ը եւ Դեմոկրատական կուսակցությունը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ընտրատեղամասերում իրավիճակը վերահսկելու լուրջ հնարավորություն է համարում յուրաքանչյուր տեղամասում 2 վստահված անձ ունենալը:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում շատ կարեւորեց նաեւ միասնական շտաբի շրջանակներում «Բարգավաճ Հայաստանի» եւ Դաշնակցության հետ համագործակցությունն ու համատեղ վերահսկողությունը։

Փորձեցինք ճշտել, ինչ քայլեր կձեռնարկի Կոնգրեսը, եթե ստանա ահազանգ, որ միասնական շտաբի գործընկեր «Բարգավաճ Հայաստանն» է որոշ ընտրատարածքներում ընտրակաշառք բաժանում իր մեծամասնական թեկնածուների օգտին։

«Բնականաբար, անմիջապես բոլոր օրինական միջոցները կձեռնարկենք», - արձագանքեց Լեւոն Զուրաբյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը չե՞ք դադարեցնի, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Չէ։ Դա մի քիչ նյարդային ռեակցիա կլիներ, եթե մենք ինչ-որ փաստված միջադեպերի պատճառով դադարեցնեինք այս կարեւոր համագործակցությունը։ Ի վերջո, շատ կարեւոր է, որ առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ, նման համագործակցություն, ընդհանրապես, կա»։

Միասնական շտաբում ընդգրկված մյուս ուժը՝ ընդդիմադիր Դաշնակցությունը, հավաստիացնում է, որ իրենց վստահված անձինք ու հանձնաժողովի անդամները «ցանկացած օրինախախտի տեղում պատժելու են»։ Թե ինչպես՝ դեռ չեն բացում քարտերը:

Միասնական շտաբին չանդամակցած «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» դաշինքը եւս հավաստիացնում է, որ բոլոր տեղամասերում փորձելու են «ադեկվատ» պատասխան տալ ընտրակեղծիքներին։

Դաշինքի շտաբի պատասխանատուներից Արմեն Առաքելյանը մեզ փոխանցեց, որ շուրջ 5 տասնյակ ընտրատեղամասերից «տեխնիկական պատճառներով» դուրս մնացած հանձնաժողովի իրենց անդամների խնդիրը լուծվել է։

«Այդ 50-ից ընդամենը մնացել է 10 տեղամաս, որոնք տեխնիկական պատճառով դուրս էին մնացել։ Հիմնական դուրս մնացածները բոլորը վերականգնվել են», - նշեց Առաքելյանը։

Հիշեցնենք, այս ընտրատեղամասերում «Ժառանգության»-ը հատկացված տեղերում Հանրապետականների նշանակման հարցը մամուլում շատ շահարկվեց։

Ինչ վերաբերում է ապաքաղաքական նախաձեռնություններին. քվեարկության օրը Երեւանում եւ մարզերում գործելու են «Իրավական շտապ օգնության» 30 մեքենաներ, որոնցով, թեժ գծով ահազանգեր ստանալուն պես, դիտորդներ, իրավաբաններ եւ լրագրողներ են այցելելու թեժ ընտրատեղամասեր, ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց նախաձեռնության հեղինակ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։

«Զանգերին համապատասխան, մենք կամ խորհրդատվություն ենք տալիս իրավաբանական, կամ, եթե անհրաժեշտություն կա, մեքենան գնում է՝ տեղում փորձելով օգնել մարդկանց», - նշեց նա։

please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG