Մատչելիության հղումներ

Եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, որի մեջ այսօր մտնում են Դաշնակցությունը, ՀԱԿ-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը, կարող է հանդես գալ միասնական ակցիաներով:

«Միասնական ակցիաներ, միասնական դիրքորոշումներ հնարավոր են», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը` շարունակելով. - «Իհարկե, խոսքը չի կարող գնալ ինչ-որ բլոկի կամ ալյանսի ստեղծման մասին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր են նաեւ փողոցային ակցիաներ, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ես չեմ պատասխանի հիմա այս հարցին, որովհետեւ ամեն ինչը թելադրվում է իրավիճակով»:

«Եթե խարդախությունը տեղի է ունեցել պետական մակարդակի վրա, իշխանությունն է մեղավոր, իշխող կուսակցությունը, կենտրոնական կամ ընտրական այլ հանձնաժողովները, այդ ժամանակ, իհարկե, բողոքի ալիքը անխուսափելի է», - հավելեց նա` շարունակելով. - «Ես հուսով, որ այս միացյալ շտաբի ներկայացուցիչները որպես դիտորդներ, որպես հանձնաժողովի անդամներ… հիմա մշակում է գնում այն մեխանիզմների, որոնցով բողոքը, գանգատը, խարդախության բռնելը պետք է ապացուցելի դառնա: Եթե այդ ապացուցված խարդախությունների դեմ գնա բողոք, եւ իշխանությունը չարձագանքի, փողոցը անխուսափելի է»:

Փոխանցելով իր տպավորությունները նախընտրական հանդիպումներից` Հովհաննիսյանը ասաց. - «Ժողովուրդը սկսել է ծնկներից բարձրանալ: Այս խեղճ վիճակը հլու-հնազանդ լինելու` ինչպես կասի գյուղապետը, ինչպես կհրահանգի մարզպետը, ինչպես կասեն կլոր նշաններով քեռիները… այդ վախը ու սարսափը արդեն կարծես թե դուրս է գալիս: Եվ գիտակցաբար քվեարկողների, այսինքն` բնակչությունից քաղաքացի դարձած մարդկանց տոկոսը իսկապես սկսում է աճել: Դա հնարավորություն է տալիս ինձ ենթադրելու, եթե դուք մեր կուսակցության մասին եք ասում, որ մենք ամենայն լրջությամբ ունենք հնարավորությունը կրկնապատկելու մեր ներկայությունը խորհրդարանում:

Լիազորություններն ավարտող խորհրդարանում ՀՅԴ-ն ունի 16 պատգամավոր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ում է սատարելու Դաշնակցությունը մյուս տարի կայանալիք նախագահական ընտրություններին, եւ հնարավոր է, որ այդ թեկնածուն դաշնակցական չլինի, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ընտրություններից հետո մենք ունենալու ենք Դաշնակության շրջանային ժողով, որտեղ այս բոլոր հարցերի պատասխանները կհնչեն»:

Խոսելով ընտրություններին ընդառաջ անցկացվող սոցհարցումների մասին` ՀՅԴ ներկայացուցիչը ասաց, որ այդտեղ ակնհայտ է «պատվերի կատարումը» եւ պատմեց հետեւյալ անեկդոտը. - «Սոցհարցում են փողոցում անցկացնում եւ մի քաղաքացու հարցնում են` դուք ո՞ւմ եք քվեարկելու: Ասում է` Հանրապետականին: Դե լավ, ասում են, չես ուզում, մի ասա ճիշտը… Մտահոգիչ երեւույթ է, թե ում են ընդհանրապես հրավիրում… Ակնհայտ է, որ Հայաստան հրավիրվում են ոչ շատ մաքրասեր գրասենյակներ, որոնք պատվերով ցանկացած արդյունք կներկայացնեն»:

XS
SM
MD
LG