Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կկազմի ավելի քան 70 մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից, ասված է ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան 200 դիտորդների:

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր եւ Բրյուսելի նախկին քաղաքապետ դե Դոննեան մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաեւ` որպես Ուկրաինայում 2010 թվականի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:

«Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարեւորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից: Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին եւ խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է», - ասել է դե Դոննեան։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները «կդրսեւորեն Հայաստանի ներուժը` կյանքի կոչելու ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած իր հանձնառությունները եւ ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար»։

Դե Դոննեան մայիսի 7-ի ասուլիսում ԵԱՀԿ-ի անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG