Մատչելիության հղումներ

Նախագահը հորդորում է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները


Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում, 1-ը մայիսի, 2012թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում, 1-ը մայիսի, 2012թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Մաշտոցի պուրակ։

Հանրապետության ղեկավարը դիտել է այստեղ տեղադրված կրպակները, որոնք ապամոնտաժելու պահանջով փետրվարից բողոքի ակցիաներ են անցկացնում բնապահպան ակտիվիստները։

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները:

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,- նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի այցից րոպեներ անց այգում իսկական տոն սկսվեց։ Ակտիվիստներից ոչ ոք տեղյակ չէր, որ Սերժ Սարգսյանն այցելելու էր այգի։ Այնտեղ է եղել միայն բնապահպան-ակտիվիստ, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը։

«Պուրակում սակավաթիվ ակտիվիստներ կային, որովհետեւ առավոտյան նոր էին հավաքվում։ Ինքը սակավաթիվ մարդկանցով էր», - պատմեց Մերի Խաչատրյանը, ով մոտեցել եւ հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին՝ զբոսայգում կրպակների առկայության վերաբերյալ, ինչին նախագահը պատասխանել էր․ - «Ես արդեն իմ կարծիքը ասացի։ Այո՛, մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա՛ է իմ մոտեցումը»։

Բնապահպաններին շնորհավորելու էր եկել Երեւանի փոխոստիկանապետ Ռոբրետ Մելքոնյանը։ Նրա հետ էին այն ոստիկանները, որոնք կրպակների դեմ պայքարի ողջ ընթացքում հսկում էին այգին։

Կիրակի օրը, հիշեցնենք, ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ եղան, բնապահպաններից մի քանիսը տեղափոխվեցին հիվանդանոց եւ ոստիկանության Կենտրոնի բաժին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը չի զղջում, որ օրեր առաջ ուժ է կիրառել ակտիվիստների նկատմամբ, Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց․ - «Երեխան որ ծնվում է, կինը այդ երկունքը պիտի ապրի, որ երեխան ծնվի։ Ցավերով, տառապանքով․․․ այդ ամեն ինչից հետո երեխան ծնվում է, մայրը, շրջապատը, ծնողները հաճույք են ստանում իրենց ապագա սերունդից։ Եղավ այդ պրոցեսը, բնական պրոցես էր։ Երկունքի ցավ զգացինք, ի՞նչ է եղել»։

Փոխոստիկանապետին հարցրեցին, թե բնապահպան ակտիվիստներից, մասնավորապես Եղիա Ներսիսյանից նեղացած չէ՞։ Ռոբերտ Մելքոնյանը կատակեց՝ «ես ինչո՞ւ պիտի նեղանամ Եղիայից։ Թույլ տեղը գիտեմ արդեն՝ կխփեմ»։

Կիրակի օրվա միջադեպի հետեւանքով կրծքավանդակի վնասվածքներ եւ սալջարդ ստացած ակտիվիստ Եղիա Ներսիսյանին հարցրեցինք, թե ինչ կարծիք ունի նախագահի այցելության մասին։

«Կարող ենք լիքը քաղաքական կոնտեքստ դնել այս ամեն ինչի մեջ։ Ես, անկեղծ ասած, չեմ ուզում։ Չգիտեմ ինչ եւ ինչի համար՝ ես մի բան գիտեմ․ ով անկեղծ հավատով ու սիրով պայքարում է, ինքը հասնում է [նպատակին]։ Դա է իրականությունը», - պատասխանեց ակտիվիստը։

Հիշեցնենք` Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փետրվարի 20-ին հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երեւան քաղաքի Մաշտոցի այգում իրականացվող շինարարության վերաբերյալ: Քաղաքապետարանն էլ իր պատասխանում նշել էր, որ Մաշտոցի այգում հողահատկացումներ են կատարվել եւ տարածքներ են տրամադրվել շուրջ 7 սուբյեկտների, որոնք, ըստ օրենքի, տարբեր նպատակներով պետք է տնօրինեին այդ տարածքները 5, 15, 22 եւ անգամ 25 տարի ժամկետով: Փաստորեն, կան մարդիկ, որոնք մի քանի տարվա հողի իրավունք ունեն այդ տարածքում:

Քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ինչպես են մինչեւ այժմ, ըստ օրենքի, 25 տարով կրպակների համար հատկացվող հողերը կրկին դառնալու հանրային միայն այն պատճառով, որ նախագահը դրանք գեղեցիկ չհամարեց եւ ինչ է լինելու ավելի վաղ հողի իրավունք ստացած ձեռնարկատերերի հետ: Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվեց այսօր պատասխաններ տրամադրել եւ խոստացավ անդրադառնալ հարցին աշխատանքային օրերին:

Ավելի ուշ, սակայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է. - «Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները եւ կշարունակենք բարեկարգման աշխատանքները»:

Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստներն ասում են, որ չնայած ամենին` շարունակելու են բնապահպանական ակցիաները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG