Մատչելիության հղումներ

Մարկեդոնով. «Մայիսի 6-ի ընտրությունները Հայաստանում նախագահական ընտրությունների գլխավոր փորձն են»


Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար

Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար

«Եթե Հանրապետական կուսակցությունը ստանա մանդատների կեսից ավելին, ապա Հայաստանի խորհրդարանը կնմանվի ռուսական Պետդումային կամ Վրաստանի խորհրդարանին», - համոզված է Վաշինգտոնում գործող Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած իր մեկնաբանության մեջ փորձագետը, սակայն, հատուկ հիշեցնում է, որ ի տարբերություն հարեւան երկրների` Հայաստանի Ազգային ժողովը բավական լուրջ դերակատարություն ունի կառավարության ձեւավորման հարցում:

«Իրավիճակին սրություն է հաղորդում այն փաստը, որ ի տարբերություն հարեւան Վրաստանի կամ Ադրբեջանի` Հայաստանում քաղաքական եւ կուսակցական ներկապնակը շատ ավելի բազմազան է: Այստեղ միանգամից երեք իշխող կուսակցություն կա, որոնցից յուրաքանչյուրը աշխատում է իր օգտին, այլ ոչ թե հանուն ընդհանուր գործի», - նշում է Մարկեդոնովը` շարունակելով. - «Իշխող կոալիցիայի ամենագլխավոր կուսակցությունը` Հանրապետականը, ձգտում է ստանալ մանդատների կեսը, ինչն ինքնաբերաբար կնշանակի, որ կոալիցիոն բոլոր սխեմաներն այլեւս ավելորդ են: Այդ դեպքում ՀՀԿ-ն կնմանվի «Եդինայա Ռոսիա»-ին կամ, ասենք, Վրաստանի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը»:

Մարկեդոնովի խոսքով` այսօր հայաստանյան քաղաքական դաշտում մի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխող թիվ մեկ ուժի գլխավոր հակառակորդն ընտրություններում ոչ թե ընդդիմությունից է, այլ` կոալիցիայի ներսից:

«Հանրապետականի կոալիցիոն գործընկերները, նախեւառաջ` «Բարգավաճ Հայաստան»-ը, չեն ցանկանում համակերպվել իրենց ձեւական դերակատարության հետ: Առավել եւս, որ երկրորդ իշխանական կուսակցությունը սերտ կապեր ունի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ», - պնդում է Մարկեդոնովը, ընդգծելով, որ կոալիցիայի երրորդ անդամը` «Օրինաց երկիր»-ը, ակնհայտորեն չի դիմանում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ մրցակցությանը:

Ընդդիմադիր դաշտում եւս, ըստ վաշինգտոնցի վերլուծաբանի, բավական հետաքրքիր զարգացումներ կան:

«Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը որոշեցին առանձին շարասյուններով շարժվել դեպի խորհրդարան` պայքարելով ոչ միայն իշխանությունների, այլեւ իրար դեմ», - նկատում է Մարկեդոնովը:

«Համամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսը քվեներ ստանալու լավ շանսեր ունի` նախեւառաջ խարիզմատիկ առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Դաշնակցականների օգտին կարող է աշխատել կուսակցության պատմական բրենդը: Դրա հետ մեկտեղ, ընդդիմադիրները մեծամասնական ընտրատարածքներում հաջողության հասնելու բավական ցածր շանսեր ունեն», - համոզված է վերլուծաբանը։

Մարկեդոնովը նաեւ փորձում է վերլուծել, թե ինչ ազդեցություն կունենան հայաստանյան ընտրությունները պաշտոնական Երեւանի վարած արտաքին քաղաքականության վրա: Նրա համոզմամբ, այսօրվանից արդեն կարելի է արձանագրել` հարեւանների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն սառեցվում է առնվազն մեկ տարով։

«2012-ի մայիսից հետո նախագահ Սարգսյանը կսկսի իր մոտեցումները համաձայնեցնել նոր պատգամավորական կորպուսի, ինչպես նաեւ նոր, կամ ինչը բացառված չէ` հին կազմն ունեցող նոր կոալիցիայի հետ: Այդ համաձայնեցումներին ու հստակեցումներին զուգահեռ` Հայաստանը հազիվ թե անդրադառնա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը կամ Թուրքիայի հանրապետության հետ հարաբերությունների բարելավման գործընթացին», - նշում է Մարկեդոնովը` մանրամասնելով. - «Եվ իրոք` ո՞վ կցանկանա, որ իրեն մեղադրեն հայրենասիրության պակասի մեջ: Այս հարցում հայկական քաղաքական ուժերի շրջանում հստակ կոնսենսուս կա` բոլորն էլ հանրությանը ներկայանում են որպես լավագույն հայրենասերներ ու հայրենիքի ջերմեռանդ պաշտպաններ»:

«Այդ իսկ պատճառով, առաջիկա առնվազն մեկ տարում կարիք չկա որեւէ լուրջ առաջընթաց ակնկալել: Ո՞ւմ է պետք իշխանության համար պայքարել ` ազգային շահերի դավաճանի խարանը կրելով», - ընդգծում է վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG