Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում:

Կոնգրեսի առաջնորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր եւս հիվանդության պատճառով քարոզարշավին չէր մասնակցում:

Թալինի հրապարակում դիմելով հավաքվածներին` Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը խոսեց «30 վայրկյանանոց հեղափոխության» մասին. - «Էական չէ, թե ինչ տեղի կունենա այս քարոզարշավի մեկ ամսվա ընթացքում: Էական չէ` ցուցակներ կգրեն, անձնագրի պատճեններ կվերցնեն: Էականն այն է, թե դուք ինչ կանեք, ինչ գործողություն կձեռնարկեք ընտրական տեղամասում հայտնվելուց հետո: Եվ մենք մարդկանց կոչ ենք անում 2012 թվականի մայիսի 6-ին մասնակցել 30 վայրկյանանոց հեղափոխությանը»:

Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում անդրադարձավ «վախի մթնոլորտին». - «Ինչից պիտի վախենանք: Դուք կարծում եք, այս ոստիկանները, հարկայինը, մաքսային, քաղաքապետը եւ այլն… որ ձեզ ճշնում են, ահաբեկում են, հորդորում են, ասում են` այսպես քվեարկեք… իրենց էլ են ճնշում, իրենք էլ են այս ռեժիմի գերին»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի` 5 տարի վաղեմության նախընտրական ծրագրի 14 դրույթները եւ հարց ուղղեց, թե դրանցից որի իրականացման արդյունքում է որեւէ մեկի կյանքում որեւէ բան փոխվել:

«Այսպես շարունակվել չի կարող», - շարունակեց Բագրատյանը: - «Մի հերթական շանս քաղաքական համակարգը մեզ տալիս է մայիսի 6-ին, կարող է ձգձգվի մինչեւ մյուս տարի փետրվարի նախագահական ընտրությունները: Դրանից հետո չի լինելու»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հիշեց, որ այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների օրը։ Նա շնորհավորեց հավաքվածներին ու հավելեց, թե ցավոք՝ աշխատավոր չկա։

«Եթե ուզում եք փոփոխություն, եթե ուզում եք փոխել՝ թողեք այս ժողովուրդն ընտրի։ Ինքը իմաստուն ժողովուրդ է, ինքը ճիշտ ընտրություն կանի, ու փոփոխությունները միանգամից կլինեն»,- իշխանություններին դիմեց Արամ Սարգսյանը։ - «Հավատացեք, ժողովուրդ, որ եթե ընտրյալը ձեր սրտով լինի, ձեր ընտրածը լինի, ամեն ինչ փոխվելու է», - հավելեց նա։

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում «հռչակեց պայքար կոռուպցիայի դեմ» ու հավելեց․ - «Գլխավոր խոչընդոտը մեր երկրի զարգացման եղել եւ մնում է երկրում առկա այս քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ այս վարչախումբը այդ համակարգի գոյության երաշխավորն է»։

Կոնգրեսականները, դիմելով հավաքվածներին, կոչ էին անում մասնակցել ընտրություններին ու քվեարկել Կոնգրեսի օգտին։ Թալինում նրանք նաեւ կոչ էին անում քվեարկել մեծամասնական թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Մկրտիչ Սափեյանի, իսկ Մարալիկում՝ ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի օգտին։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաեւ արթիկցիների եւ գյումրեցիների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG