Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 1-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ամեն անգամ մայիսմեկյան տոնակատարությունները մեզանում վերստին վկայում են աշխատավորների համերաշխության օրվա քաղաքական իմաստի ու նշանակության հանդեպ ձեւավորված ակնհայտորեն անտարբեր վերաբերմունքի մասին։ Ինչպես միշտ, այսօր էլ Մայիսի 1-ը կնշեն կոմունիստները, որոնք ամենեւին էլ ոչ խորհրդային այս տոնը վերածել են իրենց անցած-գնացած տարիները վերհիշող վետերանների «համերաշխության օրվա»։ Մինչդեռ Մայիսի 1-ը ոչ թե ամբողջատիրական վարչակարգը տեսած ավագ սերնդի հիշողությունը վերաթարմացնող «նոստալժիկ ավանդույթ» է, այլ ողջ աշխարհի աշխատավորների համերաշխության տոն։ Իսկ աշխատավորներ, որքան մեզ հայտնի է, գոյություն ունեն նաեւ անկախ Հայաստանում։ Սակայն այնքան է կերպարանափոխվել մեր հիշողությունը՝ անցյալի ու ներկայիս սահմանագծի վրա, որ նրանում Մայիսի 1-ի համար կարծես թե համապատասխան տեղ չի գտնվում»։

«Ժողովուրդ»-ի խմբագիրը գրում է. - «Մայիսի 6-ին մնացել են հաշված օրեր: Քարոզարշավի անցած 23 օրերի ընթացքում քաղաքական ուժերը կարելի է ասել ի ցույց դրեցին իրենց նախընտրական խոստումների ողջ զինանոցը` սկսած սարերը շարժելուց, 200 հազար աշխատատեղ ստեղծելուց, ավարտած թոշակների կրկնապատկմամբ ու խորհրդային տարիների պետական ունեցվածքի վերաազգայնացմամբ: Սակայն հետեւելով ընտրություններին մասնակցող անխտիր բոլոր ուժերի քարոզարշավներին` դժվար է չնկատել, որ դրանցում չկան երկրի համար կարեւորագույն ռազմավարական հարցերի շուրջ նոր հայեցակարգեր ու հավատարժան ծրագրեր: Լոկ խոստումներ են, պոպուլիստական զեղումներ ու փքուն մաղթանքներով հագեցած կենացային ելույթներ»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Եվ այսպես, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել Հայաստանում Պուտինի գաղափարի հասարակական տարածմանը: Խոսքը վերաբերում է Եվրասիական միության ստեղծմանը, որի մասին ՌԴ նորընտիր նախագահը հայտարարեց ամիսներ առաջ, դեռ մինչեւ իր ընտրվելը: Եվ ահա Հայաստանում, ԲՀԿ-ն սկսում է Պուտինի գաղափարի հասարակական աջակցության արշավ ու դրա դիմաց ստանում Պուտինի ողջույնի ուղերձը: Այստեղ սակայն պարզ է, որ ամեն ինչ միանշանակ չէ, եւ ամեն ինչ շատ ավելի հիշեցնում է ոչ թե Պուտինի աջակցություն, այլ այդ աջակցությունը ստանալու, աջակցության տպավորություն ստեղծելու փորձեր ԲՀԿ շրջանում»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Ընտրակաշառք բաժանելուց չհրաժարվելու իշխանության վարքագիծը ցույց է տալիս, որ նրանք շարունակում են վերարտադրման համար խաղադրույք կատարել մարդկանց տոտալ վախի ու ահաբեկվածության վրա: Ակնհայտ է, սակայն, որ եթե նման ահաբեկումները տեղ չհասնեին, վաղուց արդեն կորցրած կլինեին իրենց արդիականությունը: Իսկ հանրության որոշակի շերտերի մոտ դա ընկալվում է, առաջին հերթին, այն պատճառով, որ մարդիկ իրենց մենակ ու անպաշտպան են զգում թե՛ թաղային հեղինակությունների ու օլիգարխների բանդաների, թե՛, որ ավելի ստորացուցիչ ու անընդունելի է, սեփական պետության առջեւ` իշխանության եւ այդ շրջանակների նույնացման պատճառով»:

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. - « Շաբաթ օրը ՍԴ-ն պետք է որոշի` ԱԺ ընտրությունների ստորագրված ընտրացուցակները կհրապարակվեն, թե` ոչ: Այս հարցը ՍԴ-ն քննարկելու է փաստաբան Վահե Գրիգորյանի կազմած եւ ԱԺ ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների անդամ պատգամավորների ստորագրությամբ ներկայացված դիմումի հիման վրա, ըստ որի` ԸՕ-ի բոլոր այն դրույթները, որոնց հիման վրա ստորագրված ընտրացուցակները համարվում են գաղտնի, հակասահմանադրական են եւ ուժը կորցրած պետք է ճանաչվեն: Հենց այս պատճառով է, որ 2003-ի նախագահական ընտրություններից հետո թեկնածուները եւ քաղաքական ուժերն իրավունք չունեին ստորագրված ցուցակները պատճենահանել, եւ դրանից հետո ընտրությունների մասնակցության թիվը օր օրի աճեց, եւ գագաթնակետը 2008-ի նախագահական ընտրություններն էին, որին, ըստ պաշտոնական թվերի, իբր, մոտ 1 մլն 700 հազար ընտրող է մասնակցել: Այսինքն, ստորագրված ցուցակների գաղտնիության պայմաններում ոչ ոք չի կարող պնդել, որ պատգամավորը կամ երկրի նախագահը ժողովրդի կողմից է ընտրվել, որ քվեատուփերի քվեաթերթիկները ընտրողներն են գցել եւ ոչ թե, ասենք, մի կեղծարար կամ արտերկրից բերված վարձկան»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG