Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտարկում հայ-ադրբեջանական սահմանագոտում


Հայաստան -- ՀՀ բանակի սահմանապահ զինվորը՝ հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ, 22-ը օգոստոսի, 2011թ․

Հայաստան -- ՀՀ բանակի սահմանապահ զինվորը՝ հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ, 22-ը օգոստոսի, 2011թ․

Դիտորդները հետաքրքրվեցին ապրիլի 26-ին 3 հայ զինվորի կյանք խլած ադրբեջանական դիվերսիոն գործողությամբ։

Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում այսօր հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում անցկացվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցեցին ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն:

Դիտարկումը տեւեց 10 րոպե։ Այն անցավ առանց միջադեպերի։ Այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության խմբի պետ Անդրանիկ Մկրտումյանը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչներին զեկուցեց իրավիճակը։

Նրա ներկայացմամբ, 4 ամսվա ընթացքում հայկական կողմը տվել է 5 զոհ, 7 մարդ վիրավորվել է։ Շատ են կրակոցները բնակավայրերի ուղղությամբ։

Անդրանիկ Մկրտումյանը նաեւ առաջարկեց ավելի հաճախակի դարձնել դիտարկումները՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն ուսումնասիրեցին նաեւ Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածը։ Տեղի զինվորական հրամանատարության ներկայացուցիչները դիտարկում անցկացնողներին պատմեցին, որ այստեղ ապրիլի 26-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել են 3 հայ զինծառայողներ․ հակառակորդը ինքնաձիգերից կրակ է բացել եւ նռնակ է նետել ճանապարհով անցնող ՎԱԶ2107 մեքենայի վրա։ Մեքենայում գտնվող 4 զինվորներից երեքը տեղում մահացել է, մեկին հաջողվել է փրկվել։

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները նաեւ հայտարարեցին, որ երկու օր շարունակ ադրբեջանական կողմը անօդաչու սարքերով հետախուզել է տարածքի, որից հետո միայն տեղի է ունեցել դիվերսիոն գործողությունը։

ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննեցին հարձակման ենթարկված մեքենան եւ նկարահանեցին այն։

XS
SM
MD
LG