Մատչելիության հղումներ

Նախագահը հորդորում է «լավ մտածել» քվեարկելուց առաջ


«Վերջապես մենք պետք է կարողանանք ձեւավորել իշխանություններ, որոնց նկատմամբ վստահության պակաս չկա», - Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրի նախագահը եւ իշխող կուսակցության առաջնորդը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսեց մարզի բոլոր համայքներում:

Եղվարդում, մասնավորապես, Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենց համար չափազանց կարեւոր է, որ այս ընտրությունները կասկած չհարուցեն ո'չ ժողովրդի եւ ո'չ էլ Հայաստանի գործընկերների մոտ. - «Կարծում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք, որ մի անգամ ընտրություն անցկացնենք եւ որպեսզի մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը վստահ լինի, որ այդ ընտրությունները ազատ էին, արդար էին, թափանցիկ էին»:

Գառնիում իշխող կուսակցության առաջնորդն ասաց. - «Վերջապես մենք պիտի կարողանանք ձեւավորել իշխանություններ, որոնց նկատմամբ վստահության պակաս չկա: Իսկ ազնիվ, արդար, լավ ընտրություններով ընտրված իշխանությունները շատ ավելի մեծ գործ կարող են կատարել»:

Նա հավաքվածներին հորդորեց «լավ մտածել, թե ում օգտին են քվեարկում». - «Ամսի 5-ը լռության օր է: Ամսի 5-ին բոլորիդ կոչ եմ անում հանգիստ, հանդարտ մտածել, տեսնել ով ձեզ ինչ խոստացավ եւ ընդհանրապես խոստացողը ով է: Եվ եթե տեսնեք, որ խոստացողը մարդ է, որն ունի լավ ճանապարհ անցած, կամ էլ մեկը, որ չգիտի, թե ինչ է իշխանություն, իրեն թվում է, թե իշխանությունը վայելք է, իրեն թվում է, թե եթե ինքը երկրի նախագահ է, ապա թագավոր է, թագավորի պես պետք է ապրի, ապա խնդրում եմ մեկ անգամ եւս մտածել»:

Սերժ Սարգսյանը շռայլ խոստումներ չտվեց` ընդամենը նշեց, որ երկրում «շատ բան կա փոխելու», որպեսզի ապրենք բարեկեցիկ երկրում:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին` իշխող քաղաքական ուժի առաջնորդն ու երկրի նախագահը ասաց, որ հարցը լուծվելու է, բայց` ոչ մոտ ապագայում. - «Ես չեմ ասում, որ մի շաբաթում, մի ամսում, նույնիսկ մի տարում: Չեմ ասում նույնիսկ` ապագա 5 տարիների ընթացքում: Բայց էական տարբերություն դուք զգալու եք»:

«Ես խորապես հավատում եմ, որ իրոք գալու է ժամանակը, երբ մենք ունենալու ենք շատ բարեկեցիկ երկիր: Ունենալու ենք երկիր, որը ետ է բերելու Հայաստանից գնացած մարդկանց», - հայտարարեց Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Եթե չհավատայի, անկեղծորեն եմ ասում` ես չէի աշխատի»:



Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG