Մատչելիության հղումներ

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում յուրաքանչյուր կին ունենում է միջինը 1.7 երեխա, ինչը շատ ավելի ցածր է, քան անհրաժեշտ է բնակչության վերարտադրողականությունն ապահովելու համար:

Այդուհանդերձ, Հայաստանի առողջապահության եւ ժողովրդագրության հարցերի վերջին՝ 2010 թվականին անցկացված հետազոտությունը, ըստ մասնագետների, արձանագրել է նաեւ մի շարք դրական արդյունքներ:

Մասնավորապես, մանկական մահացությունը 2000-2005 թվականների համեմատ կրճատվել է երկու անգամ՝ 1000 կենդանածնի հաշվով 26-ից դառնալով 13 մանկական մահ:

Կրճատվել է նաեւ կանանց կողմից հղիության արհեստական ընդհատման թիվը:

2000 թվականի համեմատ նվազել է նաեւ տնային ծնունդների թիվը հատկապես մարզերի մակարդակով:

Երկուշաբթի օրը լրագրողներին ներկայացնելով «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն - 2010»-ի արդյունքները` Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ 2008 թվականից անվճար ծնունդօգնության պետական հավաստագրերի համակարգի հաստատումից հետո ոչ պաշտոնական վճարումները հատկապես գյուղական բնակչության շրջանում նվազել են 16 անգամ:

«Սերտիֆիկատների ներդրումից հետո ծնելիությունը չէի ասի նվազել է, պարզապես մարզում ծննդաբերությունների թիվն է իջել: Շատերը գերադասում են ծննդաբերել ավելի լավ պայմաններում՝ մայրաքաղաքում», - նշեց Կոտայքի մազպետարանի առողջապահության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը:

Շարունակում է արդիական մնալ երեխաների վատ սնուցումը: Մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը իրենց տարիքի համեմատ թերաճ են կամ կարճահասակ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյուքն է: Ցուցանիշը հատկապես բարձր է Արարատի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում:

XS
SM
MD
LG