Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը շաբաթ օրը ներկայացրեց նախօրեին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի շուրջ ԿԸՀ-ի դիտարկումները: Մուկուչյանի խոսքով` զեկույցում տեղ են գտել անճշտություններ, որոնք հանձնաժողովը անփութության հետեւանք է համարում:

«Կարծիքը խիստ կերպով կենտրոնացել է որոշակի բացասական տեսակետների եւ օրինակների վրա, որոնք, ըստ էության, պարզվում է, որ բացառություններ են ընդհանուր ֆոնի վրա: Առաջինը դա Ընտրական օրենսգրքի առանձին դրույթների ոչ ճիշտ վկայակոչումներն են եւ ոչ ամբողջական մեկնաբանումները», - ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ-ին դուր չի եկել նաեւ միջազգային դիտորդական առաքելության զեկույցի տոնայնությունը: Մուկուչյանի խոսքով` անգամ դրական երեւույթները ներկայացված են բացասական տոնայնությամբ, եւ բարեփոխումներն ըստ արժանվույն չեն գնահատվել զեկույցում:

Հիշեցնենք, զեկույցում նշվում էր նաեւ, որ որոշ կուսակցությունների քարոզչական նյութերը տեղադրվել են մունիցիպալ նշանակության շենքերի եւ ընտրական տեղամասերի վրա: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է ՀՀԿ-ի կուսակցական դրոշակների տեղադրումը նաեւ մի շարք դպրոցներում` Վանաձորի եւ Արմավիրի մարզերում:

ԿԸՀ-ի նախագահը հերքեց պետական մարմինների շենքերում քարոզչական բնույթի պաստառների առկայությունը:

«Տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում կամ պետական կառավարման մարմիններում նշված բնույթի քարոզչական պաստառների առկայություն ընդհանրապես չկա», - պնդեց Մուկուչյանը:

Նա կտրականապես հերքեց նաեւ զեկույցում տեղ գտած ապրիլի 11-ին տեղի ունեցած Էջմիածնի դեպքը, երբ ուսուցիչներն ու աշակերտներն ազատ են արձակվել դասերից` ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու համար: Մուկուչյանի խոսքով` ԿԸՀ-ն փաստը ստուգել է եւ արձանագրել, որ նման դեպք տեղի չի ունեցել:

Մուկուչյանը վստահ է, որ թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը անճշտություններ եւ բացասական տոնայնություն ունի, այդուամենայնիվ ինստիտուցիոնալ խոշոր խախտումներ այնտեղ տեղ չեն գտել:

«Բոլորը մասնավոր դեպքեր են, առանձին դեպքեր, եւ այս զեկույցով ամրագրած չէ որեւէ ինստիտուցիոնալ բնույթ կրող խախտում, որը, ըստ էության, կվերաբերեր ինչ-որ կազմակերպված, նախապես պլանավորված եւ այլ գործողությունների», - ասաց նա:

Հիշեցնենք, զեկույցում անդրադարձ էր կատարվել նաեւ ԿԸՀ-ի աշխատանքներին եւ արձանագրվել, որ թեեւ ԿԸՀ-ն շարունակում է պահպանել օրենքով սահմանված վերջնաժամկետները, այդուամենայնիվ, կան որոշակի թերություններ թեկնածության առաջադրման, հավատարմագրման մերժման եւ ընտրության օրը ընտրողների անվճար երթեւեկության մասով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG