Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները մենաշնորհների դեմ պայքարելու խոստումները անիրատեսական են համարում


Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարան, արխիվային լուսանկար

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարան, արխիվային լուսանկար

Գրեթե բոլոր քաղաքական ուժերն ընտրողներին իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են զարգացնել տնտեսությունը` զարգացման հիմնական խոչընդոտը համարելով առկա մենաշնորհները:

Բացի ընդդիմադիր ուժերից նման խոստումներ են տալիս Հայաստանն անցած 5 տարիներին կառավարած իշխանական ուժերը` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները:

ԲՀԿ-ն, օրինակ, իր նախընտրական ծրագրում Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը համարում է մրցակցային դաշտի թույլ պաշտպանությունը, ինչպես նաեւ մենաշնորհացման բարձր մակարդակը: Տնտեսագետ Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 10-րդ համարն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մելքումյանն ասաց, թե անհրաժեշտ է ապամենաշնորհային դարձնել Հայաստանի տնտեսությունը, եւ հնարավոր կլինի ստեղծել տնտեսական այնպիսի միջավայր, որտեղ մեծ բիզնեսը չի կլանի փոքրերին:

«Պետք է քաղաքական կամք եւ համակարգային բարեփոխումներ անելու լուրջ ցանկություն», - ասում է Մելքումյանը:

Արդյո՞ք կառավարությունը նման կամք անցած տարիներին չի ցուցաբերել: ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամը կարծում է, որ այնպես չէ, որ քաղաքական կամք չկա եւ ճիշտ չի համարում այն կարծիքը, որ իշխանությունը չի ուզում պայքարել նրանց դեմ, քանի որ սնվում է հենց նրանց հաշվին:

«Որովհետեւ խոշոր սեփականատերերը ուզում են, որ խաղի կանոնները պահպանվեն, իրենք էլ պաշտպանված լինեն: Խոշոր սեփականատերը կուզենա, որ օրենքը պահպանվի, որովհետեւ առաջինը իրեն է հարվածելու այդ ամեն ինչը», - ասում է Մելքումյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է ԲՀԿ-ն, մաս կազմելով կառավարությանը, պայքարել տնտեսության զարգացմանը, Մելքումյանը վկայակոչեց իրենց փոքր ներկայությունը խորհրդարանում. - «Օրինակ, կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին ես ինքս եմ հանդես եկել հեռուստատեսությամբ, դուք տեսաք, որ դա չանցավ: Կամ ասենք արտոնագրային վճարների դեմ ենք պայքարում, հիմա փոփոխություններ կլինեն: Բայց անհնար է, որ համակարգային ձեւով 28-29 պատգամավորով մենք կարողանայինք հասնել դրան»:

Իշխող Հանրապետականում էլ կարծում են, որ պետք է ոչ թե պայքարել մենաշնորհի գոյության, այլ դրա կողմից գերիշխող դիրքի չարաշահման դեմ: ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում գրել է. - «Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը»:

ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասում է, որ առաջիկա հինգ տարիներին իրենք բարելավելու են մրցակցային դաշտը նաեւ այդ ոլորտում վերահսկող կազմակերպությունների լիազորություններն ավելացնելով:

«Կտանք նոր հնարավորություն` անսպասելի ստուգումներ կատարելու հնարավորություն, որը լրացուցիչ լծակ է, որպեսզի կարողանանք զսպել այդ գերիշխող դիրք ունեցող տնտեսական սուբյեկտներին, որ նրանք չչարաշահեն իրենց այդ դիրքը», - ասում է Մինասյանը:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ զբաղեցրած գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկը շաքարավազի ներմուծման ոլորտում գերիշխող դիրք է գրավում: Հարցին, թե այս պարագայում ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում պայքարել գերիշխող դիրքի չարաշահման դեմ, երբ այդ դիրքը ցանկության դեպքում կարող է չարաշահել միայն Ալեքսանյանը, կամ էլ ինչպես տնտեսագետներն են ասում, թույլ չտալ մեկ ուրիշի շաքարավազ ներկրել Հայաստան, Մինասյանը պատասխանեց. - «Իհարկե, կա այդտեղ գերիշխող դիրք, համարյա ամբողջ շաքարի ներկրումը իրականացվում է մի տնտեսվարող սուբյեկտի կողմից: Բայց այդ փաստը օրենքի չարաշահում չէ, օրենքի չարաշահումը ուրիշ տեղ է գտնվում: Եթե այդ տնտեսվարող սուբյեկտը արգելի մեկ ուրիշ տնտեսվարող մտնել այդ շուկա, դա կլինի օրենքի չարաշահում»:

Տնտեսական վերլուծաբանը Արա Գալոյանը ուսումնասիրել է կուսակցությունների նախընտրական ծրագրերն ու եկել այն եզրահանգման, որ դրանք իրատեսական չեն ու ընդամենը լոզունգներ են:

«Եթե դուք հիմա փորձեք Հայաստան ներկրել շաքարավազ, առաջինը ոչ թե մաքսային վարչության պետը կիմանա, որ ՀՀ սահմանի վրա կանգնած է մի մեծ քանակի շաքար, այլ կիմանա այն օլիգարխը, որը ինքն է զբաղվում շաքարավազ ներմուծելով: Նա առաջինը քայլեր կձեռնարկի, որ այդ շաքարի խմբաքանակը կամ մտնի Հայաստան իր ուզած պայմաններով, կամ չմտնի», - ասում է Գալոյանը:

Տնտեսագետի մեկ այլ օրինակ էլ առնչվում է ԲՀԿ-ի առաջնորդին: Ըստ Հայաստանի տնտեսական պաշտպանության մրցակցության պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի` «Մուլիտլեոն» ընկերությունը, որ պատկանում է Ծառուկյանին, գերիշխող դիրք ունի սեղմած բնական գազի ոլորտում:

«Մեր հանրապետությունում այսօր մեքենաների 80 տոկոսը գազով է աշխատում: Նայեք, խնդրեմ, քանի գազալցակայան ունի այն մարդը, ով փորձում է պայքարել մենաշնորհի դեմ: Ինքը մենաշնորհային դիրք ունի գազի գնի որոշման մեջ: Դուք ուզո՞ւմ եք, որ ինքը պայքարի մենաշնորհի հետ: Աբսուրդ», - եզրակացնում է տնտեսագետը:

Այսպիսով տնտեսական վերլուծաբանի գնահատմամբ, քանի դեռ իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են, խոսել մենաշնորհների դեմ պայքարի մասին, անիմաստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG