Մատչելիության հղումներ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանի հավաստմամբ, ապրիլի 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան հեռուստա եւ ռադիոընկերությունների կողմից երեք ընդդիմադիր ուժերը` Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը» եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը ավելի շատ են լուսաբանվել, քան իշխող Հանրապետական կուսակցությունը:

«Ապրիլի 24-ի դրությամբ 4464 րոպե եթերաժամանակ է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը ամենաբարձր ցուցանիշն է: Երկրորդ ցուցանիշը ունեցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 4244 րոպե, երրորդը «Ժառանգություն» կուսակցությանն է` 408 րոպե, չորրորդը` Հայ ազգային կոնգրեսն է` 3687 րոպե, հինգերորդը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է` 3421 րոպե տեւողությամբ, վեցերորդը «Օրինաց երկիր» կուսակցությունն է` 3266 րոպե: Վեցերորդից հետո արդեն էականորեն փոքրանում են թվերը», - հայտարարեց Ամալյանը շաբաթ օրը հրավիրված ասուլիսի ժամանակ` հիմք ընդունելով իր գլխավորած հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքները:

Ամալյանը հավելեց, որ եթե ապրիլի 8-ից 14-ը ընկած շաբաթվա ընթացքում հեռուստա եւ ռադիոընկերությունների կողմից քաղաքական ուժերի լուսաբանումը բնութագրվում էր «ցցուն տարբերություններով» (այսինքն, մի քաղաքական ուժ շատ էր լուսաբանվում, մյուսը` քիչ), ապա իրավիճակը փոխվել է ապրիլի 14-ից հետո, երբ հեռուստառադիոընկերությունների լուսաբանումը դարձել է ավելի հավասարակշռված:

Ամալյանը նաեւ հայտարարեց, թե ապրիլի 8-ից 24-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից ամենից շատ լուսաբանվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` ավելի քան 329 րոպե: Երկրորդ տեղում է Հանրապետականը` 273.5 րոպե:

Հարցին, թե ՀՌԱՀ-ի ղեկավարը ինչպե՞ս կբացատրի այդ հանգամանքը, Ամալյանը պատասխանեց, թե շատ բան կախված է տվյալ քաղաքական ուժի նախընտրական մարտավարությունից, նրա ակտիվությունից:

«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը իրենք են որոշում կայացնում մասնակցել այս հեռուստաընկերության կողմից հաղորդման հրավերին, թե չմասնակցել: Այսինքն միանշանակ գնահատական տալ ի վերուստ, որ թվային ցուցանիշը շատ կամ քիչ լինելու պարագայում ունի կանխակալ վերաբերմունք կամ ունի միտում, շատ դժվար է: Երբ կավարտվի ամբողջ քարոզչական շրջանը, հանձնաժողովը կամփոփի բոլոր մեկնաբանությունները այս թվերի ձեւավորման հետ կապված յուրաքանչյուր լրատվամիջոցի կապակցությամբ, այն ժամանակ օրինական կդառնա այս հարցադրումը», - ասաց նա:

Համեմատության համար նշենք, որ Երեւանի մամուլի ակումբի իրականացրած մոնիթորինգի արդյունքում ապրիլի 8-17-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան կենտրոնական 7 հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի կողմից ամենից շատ լուսաբանվել է իշխող Հանրապետական կուսակցությունը (նույնը նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության պարագայում): Սակայն եւ Գրիգոր Ամալյանը, եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փոխանցեցին, թե իրենց մոնիթորինգների մեթոդաբանությունը տարբեր է:

Ամալյանը, անդրադառնալով նաեւ քաղաքական ուժերին հավասար պայմաններ տրամադրելու խնդրին, ասաց, թե հանձնաժողովը պարտավոր է ապահովել հավասար մրցակցային պայմաններ ընտրություններն մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար: «Եվ եթե իր ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը պարզի, որ հեռուստաընկերությունը չի պահպանել եթերի տրամադրման հավասարության սկզբունքը բոլոր քաղաքական ուժերի համար, հանձնաժողովը իրավասու է նաեւ այդ ընկերությունների նկատմամբ վարչական տույժեր կիրառել», - ասաց նա:

Ինչպես մանրամասնեց Ամալյանը, վարչական տույժը կարող է լինել դրամական տուգանքի, նախազգուշացման եւ ի վերջո, տվյալ հեռուստա կամ ռադիոընկերությանը հեռարձակման լիցենզիայից զրկելու ձեւով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG