Մատչելիության հղումներ

«Աքիլլես»-ի ղեկավարը արդյունավետ է համարում արագաչափերի կիրառումը


Այս տարվա հունվարի 16-ից շահագործման հանձնվեցին Երեւանի մի շարք փողոցներում տեղադրված ճանապարհային երթեւեկությունը վերահսկող ու իրավախախտումներն արձանագրող տեսախցիկներն ու արագաչափերը:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով դրանց արդյունավետությանը նշում է. - «Շատ արդյունավետ է: Այսօրվա տվյալներով 43 000 որոշում է կայացվել ստացիոնար տեսախցիկներով նկարահանած արագության գերազանցման եւ ճանապարհային երթեւեկության այլ կանոնների խախտման համար»:

Սակայն Հովհաննիսյանի խոսքով` այսօր վարորդների կողմից սկսել են գրանցվել բողոքներ կապված ոստիկանության տրամադրած խախտումների արձանագրությունների հետ:

«Այն տեսանյութը, որը տրամադրված է վարորդին ակնհայտ երեւում է, որ վարորդը խախտում չի կատարել, սակայն ՃՈ գտնում է, որ այդտեղ խախտում կա, սակայն չի նշում, թե ճանապարհային երթեւեկության կանոնի որ կետն է խախտված: Սա մեծ թերություն է եւ վարչական իրավախախտումների օրենսգրքի 281 հոդվածի խախտում: Մենք դիմել ենք դատարան, տեսնեք` դատարանն ինչ կորոշի», - ասաց նա:

Անդրադառնալով մեքենաների տեխզննման խնդրին` Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ պետք է ոստիկանությունը դրանից հրաժարվի, եթե տեխզննման գործընթացը շարունակելու է ձեւական բնույթ կրել, հատկապես եթե ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածում ասվում է, որ մեքենայի սարքին վիճակի համար պատասխանատու է վարորդը:

Սակայն Հովհաննիսյանի կարծիքով պարտադիր է թողնել տաքսիների տեխզննումն ու ավելին` խստացնել անցկացման ձեւը, այնինչ այսօր արվում է ճիշտ հակառակը:

«Հայտարարություն եղավ, որ տաքսի մեքենաները կանցնեն տեխզննում տարեկան մեկ անգամ: Սովետական միության ժամանակ տաքսիներն ամեն օր անցնում էին ստուգում, առավոտյան կամ օրվա վերջում: Ամեն 3000 կմ մեքենան պարտադիր կանգնում էր եւ ամեն տեսակի ստուգում էին անում: Ինչ մեքենան նայես տարին մեկ անգամ, ինչ ամեն օր իհարկե թերություններն իրար վրա կկուտակվեն եւ մի օր մի բան կպատահի էդ մեքենային», - ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է ԱՊՊԱ-ին, չնայած որ դրա հետ կապված խնդիրների լուծումը կազմակերպության պարտավորությունների մեջ չի մտնում, սակայն Հովհաննիսյանի խոսքով` որոշ բողոքների արձագանքել ու այնուամենայնիվ վարորդներին տեղեկատվությամբ օգնել են:

«Մենք հիմա դատարանում ունենք 7 գործ, համաձայն որի վարորդները տուգանվել են 150 000 դրամի չափով, այսինքն երթեւեկել են ժամկետանց ԱՊՊԱ կտրոններով, բայց այդ պահին վարորդներն ունեցել են ապահովագրված պայմանագիր եւ ԱՊՊԱ կտրոն, որը չեն փակցրել: Սակայն ոստիկանություն գտնում է, որ դա կարեւոր չէ, կարեւորը փակցրած կտրոնն է, որը ժամկետանց է, եւ պետք է վճարես 150 000 տուգանք: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի խայտառակութունն է», - ասաց Հովհաննիսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG