Մատչելիության հղումներ

Գուրգեն Արսենյան․ «Ստիպվա՛ծ ենք զբաղվել քաղաքական գործունեությամբ»


Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԲՀԿ-ի հետ մեկ միասնական ցուցակով հանդես եկող Գուրգեն Արսենյանը այսօր «Ազատություն» ТV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ ցանկանում է Ազգային ժողովում հայտնվել երկրում «միջին երջանկության չափանիշ» ապահովելու համար։

«Ես հիմա հարուստ մարդ եմ։ 2011 թվականի արդյունքներում իմ ընկերություններից միայն մեկը 4.5 միլիարդ դրամ հարկ է մուծել՝ 11-րդ հարկատուն է Հայաստանի Հանրապետության», - նշեց Արսենյանը, - «բայց հարուստ մարդ լինելով՝ ես տեսնում եմ, որ մենք չենք կարողանում ապահովել այն, ինչը որ կոչվում է միջին երջանկության չափանիշ մեր երկրում»։

ՄԱԿ նախագահը հայտարարեց, որ հարուստ մարդիկ մեր երկրում ստիպվա՛ծ են զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որպեսզի փորձեն երկրի մթնոլորտը փոխել․ - «Որովհետեւ հարուստ մարդիկ կարող են լինել հարուստ, բայց կլինեն նաեւ երջանիկ այն ժամանակ, երբ որ երկրում չկա ծայրահեղ աղքատություն, կոռուպցիա»։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը նկատել էր, որ Արսենյանը իր հայտարարագրում նշել է, որ երկու ինքնաթիռ ունի եւ հարցրել, թե դրանք ի՞նչ ինքնաթիռներ են, եւ ինչի՞ համար են նախատեսված։

«Դրանք այսպես կոչված «փոքր ավիացիայի» ենթակա ինքնաթիռներ են։ Սակայն այդ փաստը կար հայտարարագրի պահին, որովհետեւ հիմա այդ ինքնաթիռներն այլեւս ինձ չեն պատկանում։ Ես այդ ինքնաթիռները, պարոն Ծառուկյանի հետ միասնական որոշմամբ նվիրել եմ Ղարաբաղի կառավարությանը», - պատասխանեց ՄԱԿ նախագահը։

Արսենյանը նաեւ նշեց, որ համաձայն է ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությանը։ Հիշեցնենք՝ նախկին արտգործնախարարը իշխանություններին քննադատել էր վերջին տարիներին ստեղծված ծանր սոցիալական, տնտեսական վիճակի եւ արտաքին քաղաքականության համար։

«Կիսում եմ իր տեսակետը այդ խնդիրների շրջանակում։ Ես գտնում եմ, որ պարոն Օսկանյանը շատ լուրջ հարցադրումներ է արել, եւ չգիտես ինչու բոլորը այդ հարցադրումների հասցեատեր են համարում ԲՀԿ-ին։ Պարոն Օսկանյանի արած հարցադրումների հասցեատերեր այլ քաղաքական ուժեր էլ կան, որոնք, չգիտես ինչու այդ մասին համեստորեն լռում են։ Այդ կոալիցիան բաղկացած չէ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից», - նշեց Գուրգեն Արսենյանը։

Արսենյանը նաեւ նշեց, որ Միացյալ աշխատանքային կուսակցությունը բոլոր հարցերում չէ, որ համակարծիք է ԲՀԿ-ի հետ։

«Օրինակ՝ մենք պայքարելու ենք, որ պաշտպանված լինի սեփականության ինստիտուտը, պահանջելու ենք, որ առոչինչ ճանաչեն գերակա շահի ինստիտուտը», - ասաց ՄԱԿ առաջնորդը։

Ասուլիսի ժամանակ Գուրգեն Արսենյանը պատմեց, որ պատրաստվում էր նաեւ Արաբկիրում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել․ - «Լինելով մեծամասնական ընտրակարգի համոզված հակառակորդ՝ մեր քաղաքական թիմի շահերից ելնելով ես պատրաստ էի նաեւ առաջադրվել Արաբկիրի 4 ընտրատարածքում, սակայն մեր քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ շատ ավելի արդյունավետ է, որպեսզի ես մասնակցեմ համապետական քարոզչությանը, քան իմ հարազատ Արաբկիրում զբաղվեմ 1 ընտրատարածքի մանդատի ձեռք բերման գործով»։

XS
SM
MD
LG