Մատչելիության հղումներ

logo-print

ՕԵԿ-ը ընտրակաշառք վերցնողներին կոչ է անում «գոնե երկրորդ սխալը չանել»


«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախընտրական հանդիպումը ուրբաթ օրը Եղվարդում կարճ տեւեց: Ելույթ ունեցան միայն կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւ այս ընտրատարածքում ՕԵԿ-ի մեծամասնական թեկնածու Տիգրան Ղալեչյանը:

Ընտրակաշառք վերցնողները պետք է գոնե երկրորդ սխալը չանեն, գնան եւ ճիշտ քվեարկություն կատարեն, եղվարդցիներին կոչ արեց Արթուր Բաղդասարյանը:

«Մենք այսօր Ազգային ժողովում ունենք պատգամավորներ, որ 20 տարի այնտեղ նստած են, բայց 10 նախադասություն չեն խոսել: Բայց այդ մարդկանց հետ որ խոսում ես, ասում են` փողը կտամ, կառնեմ: Սա վիրավորանք է հայ ազգին, որովհետեւ մարդը ապրանք չէ, որ տան, առնեն», - ասաց Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, իր կուսակցության նախընտրական ծրագիրը մրցունակ է: Նրա խոսքով` իրենց մշակած ռազմավարությամբ «գրոհելու» են գործազրկության վրա:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում գործող նվազագույն աշխատավարձը չի ապահովում մարդու համար ապրելու տարրական պայմաններ, այս իսկ պատճառով ՕԵԿ-ը առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները ոչ թե 1000 կամ 2000 դրամով, այլ յուրաքանչյուր 5 տարվա համար, ըստ տարիների հստակ մատնանշել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե յուրաքանչյուր տարի իր աշխատավարձը, իր կենսաթոշակը ինչքան է ավելանալու», - ասաց նա:

ՕԵԿ ղեկավարի փոխանցմամբ, իր կուսակցությունը նպատակ ունի ստեղծել հատուկ հանձնաժողով, որը պետք է գույքագրի Հայաստանում եղած հնարավորությունները` ըստ տնտեսության ճյուղերի: Փող չունեցող մարդու տերը պետք է լինի պետությունը, ասում էր Բաղդասարյանը:

Բաղդասարյանը քննադատության ենթարկեց նաեւ առողջապահության համակարգը` նշելով, որ մարդիկ խուսափում են առողջապահական ծառայություններից օգտվելուց, քանի որ «գործող պետպատվերի համակարգը անարդար է»:

«Մենք առաջարկում ենք բարեփոխել այս համակարգը հիմնովին, անվճար, պետական բյուջեի միջոցների հաշվին բուժել այն հիվանդությունները, որոնք երկրում տարածված են, մանավանդ որ այս տարի եւ վերջին տարիներին մեր պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են հատկացվում առողջապահության համակարգի ֆինանսավորմանը», - ասաց նա:

ՕԵԿ-ն առաջարկում է ավելացնել պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը. տասնյակ հազարավոր տղամարդիկ աշխատանք չունեն, խոպան են գնում, նշում էր Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով, պետությունը չպետք է լինի մամլիչ մեքենա, ուստի բարեփոխումների կարիք է զգում մաքսային եւ հարկային համակարգը:

Հիշեցնելով, որ գյուղատնտեսության նախարարը իր կուսակցությունից է, ՕԵԿ առաջնորդ ասաց, թե վերջին երկու տարում պետությունը սկսել է աջակցել գյուղացուն:

«Սա շատ կարեւոր իրողություն է: Մարդիկ ստանում են վարկեր, որի 4 տոկոսը տալիս է պետությունը, սահմանամերձ բնակավայրերում` 6 տոկոսը: Բայց այսօր Հայաստանում 100 վարկ ցանկացողից ստանում է միայն 10, որովհետեւ 90-ի համար այդ հնարավորությունները չկան», - ասաց Բաղդասարյանը:

Եղվարդցիներից ոմանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պատմում էին, որ այսօրվա հանդիպմանը ավտոբուսներով այլ քաղաքներից մարդիկ են բերվել: Մարդիկ պատմում էին նաեւ ընտրակաշառքի դեպքերի մասին, ասում էին Եղվարդում հեռախոս, ձու են բաժանել:
XS
SM
MD
LG