Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների 2-րդ փուլը


Ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկտավության վարչությունը, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի եւ արվեստի գործիչները եւ այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի արտոնագրերի գինը եւ դյուրացնել ընթացակարգերը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանը եւ ԵՄ-ը բանակցում են նաեւ հետընդունման մասին համաձայնագիր, որով կարգավորվելու են ԵՄ-ի եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման հարցերը:

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է Երեւանում հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG