Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատարանում հայերի հողերին վերաբերող գործ է լսվում


Գյուղ Թուրքիայում, արխիվային լուսանկար
Գյուղ Թուրքիայում, արխիվային լուսանկար
Թուրքիայի արեւելյան Բաթման նահանգում հայ համայնքը դատական գործ է բացել իր հողերը վերադարձնելու համար: Համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ դրանք անօրինական ձեւով տրվել են ուրիշներին, իսկ նոր տերերը պնդում են, որ դրանք գնել են։

Այս պատմության մասին գրում է Hurriyet Daily News-ի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն:

25 տարի առաջ հայերը քաղաքական դրդապատճառներով ստիպողաբար տարհանվել են իրենց տներից` այդ շրջանում թուրքական բանակի եւ քուրդ զինյալների միջեւ տեղի ունեցող բախումների պատճառով: 1987 թվականին թողնելով իրենց տներն ու հողերը` նրանք հիմնականում տեղափոխվել են Ստամբուլ:

Հիմա հայ համայնքը ցանկանում է վերադառնալ, բայց նրանց տներն ու հողերը նոր տերեր ունեն, ու իրենց սեփականության իրավունքները վերականգնելու համար հայերը դիմել են դատարան: Դատական հայցը վերաբերում է ընդհանուր առմամբ 3 հազար ակր հողերի՝ Աքար, Հեյբեթլի, Բալիբաշի եւ Չագըլ գյուղերում:

Գյուղացիների շահերը դատարանում պաշտպանող փաստաբան Շեյհմուս Կաբադայը Hurriyet Daily News-ին ասել է. - «Երբ նրանք որոշել են վերադառնալ, չեն կարողացել ստանալ իրենց տները: Նրանց ունեցվածքը գրավածներին հողերի կառավարման մարմինը եւ կադաստրը անօրինական փաստաթղթեր են տվել»։

Աքարի գյուղապետ Շիրին Էքմանը դատարանում հակառակն է պնդել: «Մենք նույնպես փաստաթղթեր ունենք, որոնք կներկայացնենք դատարան: Աքարի բնակիչները 1986 թվականին 1300 ակր հող են գնել հայտնի ֆերմեր հայ Իսա Դեմիրչիից: Մենք փաստաթղթեր ունենք», - ասել է նա:

«Նրանք պնդում են, թե փաստաթղթեր ունեն, բայց ստորագրությունները կեղծված են, եւ չկան բնօրինակները` դրանք բոլորը լուսապատճեններ են: Մյուս կողմից, իմ հաճախորդները մինչեւ հիմա ունեն իրենց սեփականությունը հաստատող փաստաթղթերը, որոնք մենք ներկայացրել ենք դատարան», - ասել է հայ գյուղացիների շահերի պաշտպան Շեյհմուս Կաբադայը:

Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 4-ին: Գործը լսվում է Բաթմանի Սասոն շրջանի կադաստրային դատարանում:

Պետական բարձրաստիճան մի պաշտոնյա Hurriyet Daily News-ին ասել է, թե շահառուները կվերականգնեն իրենց իրավունքները, եթե նրանք հայցով դիմել են դատարան: Նա ասել է, որ հողերի կառավարման մարմինն ու կադաստրը անօրինական տիրույթ են մտել, հավաստիացնելով, որ վերջին երեք տարիներին հետեւում են այս խնդրին:

«Եթե այդպիսի ճնշումներ կան, ինչպես պնդվում է, ապա այդ մարդիկ այլեւս չեն շարունակի բնակվել այստեղ: Նրանք տեղափոխվել են ահաբեկչության վտանգի մտահոգության պատճառով։ Հիմա մենք տվյալներ ենք հավաքում արխիվի համար», - ասել է պաշտոնյան` նշելով, որ իրենց հողերից հեռացած որոշ հայեր հիմա ապրում են մահմեդական անուններով:

Նրա խոսքերով` ահաբեկչության վախից իրենց գյուղից հեռացածների կրած վնասները կփոխհատուցվեն 2004 թվականին ընդունված օրենքի 5233 հոդվածի համաձայն, եթե նրանց պահանջները հաստատվեն: Նա ավելացրել է, որ Աքարի գյուղացիները արդեն դիմել են իրենց:

Իրենց ունեցվածքը վերականգնելու համար հայց ներկայացրած գյուղացիներից մեկը՝ Օսման, հայկական անունով՝ Հովսեփ Դեմիրչին, Hurriyet Daily News-ին ասել է. - «Մենք տուժած կողմ ենք: 38 տանտեր ճանապարհ ընկանք մեր կյանքի համար վախից եւ չէինք կարողանում վերադառնալ: Հիմա մենք ցանկանում ենք վերադառնալ մեր գյուղը` չնայած անվտանգության մտահոգություն ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG