Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տարածած իր հաղորդագրությամբ հաստատում է, որ անցած գիշեր ժամը 04:15-ի սահմաններում Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում հրազենային վնասվածքներ են ստացել երեք զինծառայուղներ: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Պաշտպանության նախարարությունը, սակայն, դեռեւս չի հրապարակում, թե զինծառայողներն ում կողմից են հրազենային վնասվածքներ ստացել` ադրբեջանական, թե` հայկական: Տավուշի մարզի այս հատվածը շատ մոտ է հարեւան Ադրբեջանի զորքերի դիրքերին:

Նախարարությունը միայն մանրամասնում է, թե Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում հայկական զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ: Երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ վերը նշված ավտոմեքենայի վրա: Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Տավուշի մարզի Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ անցած գիշեր ժամը մեկից երկուսն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել ադրբեջանական դիրքերից Այգեպարից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, որտեղ տեղակայված են հայկական դիրքերը:

Գյուղապետի հետ հեռախոսազրույցն ընդհատվեց այն պատճառով, որ այդ պահին եւս, ինչպես գյուղապետն ասաց, ադրբեջանական կողմից սկսեցին կրակել: Գյուղապետն արագորեն գյուղացիներին հորդորեց առավել ապահով վայր տեղափոխվել:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել նաեւ գյուղի ուղղությամբ: Իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հինգշաբթի օրը տեղեկացրել էր, որ վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2 հազար կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ:

Այս իրադարձությունների առնչությամբ այսօր հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` նշելով, որ «խիստ մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանի եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ վերջին հաղորդագրություններով, որոնց արդյունքում զոհեր ու կորուստներ են արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG