Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի ընտրություններում մեկնարկեց էլեկտրոնային քվեարկությունը


Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ուրբաթ առավոտյան տրվել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության մեկնարկը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո առաջին անգամ է Հայաստանում կիրառվում էլեկտրոնային քվեարկություն, եւ առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները:

Էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ Հայաստանի իրավաբանական անձանց արտերկրի մասնաճյուղերի` Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները:
Իրավաբանական անձանցից, սակայն, որեւէ մեկը տվյալ չի ներկայացրել ԿԸՀ:

Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկած էլեկտրոնային քվեարկությանը արտերկրում մասնակցող ընտրողների թիվը 238 է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 29-ին արտգործնախարարության ներկայացուցչին էր տրամադրել կնքված ծրարները, որոնցում, ըստ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի, կա համապատասխան ծածկաշերտով կոդ` վեցական թվերով, եւ ուղեցույց` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի, ժամկետների վերաբերյալ: Արտգործնախարարությունը ծրարները փոխանցել է արտերկրում բնակվող եւ հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում ծառայության անցած` Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց եւ նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է ընտրություններից 9 օր առաջ եւ ավարտվում ընտրությունից 5 օր առաջ, ինչը նշանակում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին:

Ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատու պաշտոնյաները նշում են, որ էլեկտրոնային քվեարկության իրավունք ստացած ընտրողներն ունեն բավականին երկար ժամանակ քվեարկության համար. ընտրողը կարող է բազմաթիվ անգամ մուտք գործել նույն էջը, բազմաթիվ անգամ փոխել իր քվեն, ու միայն նրա վերջին քվեարկությունն է հաշվարկվում ձայների հաշվարկի ժամանակ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ` սա արված է այն նկատառումով, որ եթե ընտրողը ինչ-որ տեղ վերահսկողության է ենթարկվել, եթե ընտրողի նկատմամբ կամ նրա կամքի նկատմամբ կիրառվել է որեւէ ներգործություն, ապա նա հնարավորություն ունենա ցանկացած վայրից մուտք գործել ցանկացած համակարգիչ եւ փոփոխել իր քվեն:

Էլեկտրոնային քվեարկության մեկնարկի ժամը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ազդարարեց հինգշաբթի երեկոյան` հանձնաժողովի արտահերթ նիստում։

ԿԸՀ-ի նույն օրվա որոշմամբ հաստատվեց էլեկտրոնային քվեարկության սահմանված նմուշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG