Մատչելիության հղումներ

Ապրիլի 27-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Կա հստակ օրինաչափություն, որը անվրեպ գործում է 1998 թվականից ի վեր: Հենց որ գալիս է նախընտրական շրջանը, իշխանությունը հիշում է «ցրտի եւ մթի» մասին: Եթե նույնիսկ այդ ընտրություններին չի մասնակցում ՀՀՇ-ն կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունը ցանկացած ընդդիմադիր թեկնածուի հետեւում տեսնում է նրանց «ականջները», եւ ապացուցելու համար, թե որքան վատն են իրենց մրցակիցները, մեջտեղ է բերում 90-ականների «սարսափներն» ու «մղձավանջները»: Քանի որ տվյալ «հնարքը» կրկնվում է արդեն առնվազն 6-րդ անգամ, հակված եմ մտածելու, որ քարոզչական այդ «զենքը» հաջողության այս կամ այն աստիճանով «կրակում է»՝ բնազդներով ապրող մարդկանց համար այդ տարիների կենցաղային վատ պայմանները իսկապես «հզոր փաստարկ» են: Ընդհանրապես, մեր քաղաքական (եւ ինչո՞ւ միայն քաղաքական) մշակույթը հիմնված է բացասական հույզեր արթնացնելու վրա, եւ դրանում ես տեսնում եմ մեր զարգացման կարեւորագույն խոչընդոտներից մեկը»:

«Իրատես de facto»-ն գրում է. - «Ամեն քարոզարշավ բնորոշվում է ոչ միայն ընտրողների հետ ստանդարտ հանդիպումներով, կուսակցական ծրագրերով, նախընտրական գեղեցիկ ձեւավորված բուկլետներով, որոնք գրեթե ոչ ոքի չեն հետաքրքրում, այլեւ բուռն քաղաքական գործընթացներով: Այս փուլում է, որ քաղաքական դաշտը բաժանվում է սեւի եւ սպիտակի, քաղաքական ուժերը ճամբարների են բաժանվում, կամ, ինչպես դաշնակցական գործիչը կասեր` շարքերը սկսում են բյուրեղանալ: Այդ ժամանակ հստակ երեւում է, թե ով է իշխանական ուժ, ով ընդդիմադիր, ով «կեղծ ընդդիմադիր», եւ վերջապես, որ ամենակարեւորն է, ով է քարոզարշավի ֆավորիտը, այլ կերպ ասած, ունի ամենաբարձր վարկանիշը եւ ժողովրդականությունը, որ ուժի հետ է հասարակությունը կապում իր հույսերն ու սպասելիքները, եւ ովքեր են մերժվածները, որոնց «երեսն էլ տեսնել չի ուզում» ժողովուրդը: Այս ընտրությունները բացառիկ են ՀՀ պատմության մեջ: Իսկ ո՞վ էր ասում, որ ամենաբարձր վարկանիշն ու ժողովրդականությունը միշտ պիտի ընդդիմադիր ուժն ունենա: Այս ընտրությունները ջարդեցին այդ կարծրատիպը»:

«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Այս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ձեւավորված ներքաղաքական պատկերը էականորեն տարբերվում է նախորդ ընտրաշրջաններից: Նոր Ազգային ժողովում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չեն բացառել ո'չ «Բարգավաճ Հայաստան»-ը, ո'չ «Ժառանգություն»-ը, ո'չ Դաշնակցությունը, ոչ էլ ՀԴԿ-ն: Նշված բոլոր ուժերի ղեկավարներն էլ այդ հարցի շուրջ արդեն իսկ հրապարակել են իրենց տեսակետը: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի` հատկապես վերջին օրերին կրկին կոշտացած հակահանրապետական եւ հակասերժսարգսյանական հռետորաբանությանը, այնուամենայնիվ Կոնգրեսի առաջնորդը ՀՀԿ-ի հետ համագործակցությունը անհնարին չի հայտարարում, իսկ դատելով Հանրապետականի հետ երկխոսության անցած ամառվա փորձից, պարզ է, որ նման համագործակցությունը ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում եւս պետք չէ բացառել»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը ներկայացնում է. - «Ժողովրդագրական վիճակը արդեն սպառնում է ազգային անվտանգությանը: Սերժ Սարգսյանն ինքն է ասում, որ Հայաստանը դատարկվում է, բայց պատճառների մասին ոչինչ չի ասում: Գուցե Սարգսյանը կարծում է, թե հայ ժողովուրդը մոռացե՞լ է երեխա ունենալու ձեւը (դրա համար էլ երիտասարդներին կոչ է անում սիրել, ամուսնանալ եւ բազմանալ)»։ Սակայն, ըստ թերթի, «երկիրը դատարկվում է, որովհետեւ Հայաստանում այս իշխանությունները կյանքի համար անտանելի պայմաններ են ստեղծել»։ «Իշխանական համակարգն է ստեղծել այդ պայմանները` օլիգարխներով ու նրանց սափրագլուխներով, կրիմինալով, հարկային տեռորով, չինովնիկական «բեսպրեդելով» եւ այլն, իսկ այդ համակարգի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:

«Երկիր»-ը զրուցել է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: Սահակյանն ասում է. - «Առանձին գործիչներ փորձում են իրենց վերլուծականներին զուգահեռ հետեւություններ անել եւ, այս կամ այն հայտարարությունը անելով, վերագրումներ են կատարում ընդհանրապես կոալիցիայի հասցեին: Կարծում եմ` կոալիցիան այսօր էլ հավատարիմ է իր հռչակագրին: Լիդերների մակարդակով ամենը կանոնակարգված է, բայց որքան ակտիվանում է ընտրապայքարը մարդիկ ավելի շատ են ջղաձգվում եւ անսովոր պայմաններ ստեղծում իրենց համար: Այս կամ այն ուժի ներկայացուցիչ կարող է ավելի ամբիցիոզ խոսք ասել, քան անհրաժեշտ է»: Հարց. - «Այդուհանդերձ, համագործակցության դաշտ տեսնո՞ւմ եք ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ»: Պատասխան. - «ԲՀԿ-ն մեր համաձայնությունները երբեք չի խախտում: Խնդիրն այնտեղ Օսկանյանն է: Օսկանյանը դարձել է ՀԱԿ-ի խոսափողը: Այն ինչ Տեր-Պետրոսյանն է ասում, ավելի գրագետ կամ քաղաքակիրթ ձեւակերպում է Օսկանյանը»: Հարց. - « Ինչո՞ւ Օսկանյանը մտավ ԲՀԿ»: Պատասխան. - «Այդտեղ ասեցին, այդտեղ էլ մտավ: Թե ով` մեզ համար էլ է դեռ անհայտ: Մեզ համար Օսկանյանը նոր քաղաքական գործչի ա-ն ու բ-ն սովորելու տարբերակով է շարժվում: Քաղաքական դաշտի համար նա եկվոր է»:


please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG