Մատչելիության հղումներ

Դուբլինը փորձում է նպաստել ԵԱՀԿ-ի տարածքի կոնֆլիկտների կարգավորմանը


Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էյմոն Գիլմոր

Իռլանդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էյմոն Գիլմոր

Այսօր Իռլանդիայի մայրաքաղաքում բացվում է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ-ի համաժողովը։

Ստանձնելով ԵԱՀԿ-ի նախագահությունը` Իռլանդիան հայտնել է հակամարտությունների կարգավորմանը նպաստելու մտադրության մասին։

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը այս տարվա հունվարին Վիեննայում ասել է. - «Որպես գործող նախագահ` ես ջանքեր կգործադրեմ այդ հակամարտությունների հարատեւ կարգավորման ուղղությամբ»։

Ուշագրավ է, որ նա հիշատակել է Մոլդովայի տարածքում Մերձդնեստրի, Վրաստանի տարածքում` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս չի նշել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի անունները` ասելով միայն, թե «ԵԱՀԿ-ի տարածքում հակամարտությունների շարքում է նաեւ այն, որի կարգավորմամբ Մինսկի խումբն է զբաղվում»։

Նա հունվարին նաեւ հայտնել էր Դուբլինում ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունենալիք` կոնֆլիկտների կարգավորման համաժողովի մասին։

Այսօր Դուբլինում բացվող համաժողովում Իռլանդիան կներկայացնի հակամարտությունների կարգավորման իր պատմական փորձը. խոսքը Հյուսիսային Իռլանդիայի խնդրի մասին է։

Բրիտանիայի այդ հատվածում բախումներ եւ պատերազմներ են եղել սկսած 1609 թվականից, երբ կաթոլիկ իռլանդացիներից առգրավված տարածքները տրվել են շոտլանդացի եւ անգլիացի բողոքական վերաբնակներին։

Իռլանդիայում անցած դարերի ընթացքում բնակչության մի մասը դարձել է բողոքական եւ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու գաղափարի ջատագով։

Այդպիսով, իռլանդա-բրիտանական կոնֆլիկտը աստիճանաբար վերածվել է ներիռլանդականի, իսկ Լոնդոնին վերապահվել է Հյուսիսային Իռլանդիայում իռլանդացի կաթոլիկ փոքրամասնության եւ իռլանդացի բողոքական մեծամասնության հնարավոր ընդհարումները կանխելու առաքելությունը։

Հակամարտող ուղղություններն են «յունիոնիստները», ովքեր կողմ են Բրիտանիայի հետ միությանը, եւ ազգայնականները, ովքեր համոզված են, որ Հյուսիսային Իռլանդիան պետք է դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից եւ միավորվի Իռլանդիայի հանրապետության հետ։

Ազգայնականների ռազմական կառույցը Բրիտանիայում օրենքից դուրս հայտարարված Իռլանդական հանրապետական բանակն էր։

20-րդ դարի 60-ականներից մինչեւ հրադադար Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան երեքեւկես հազար մարդ է սպանվել։

Ի վերջո, Իռլանդիան եւ Մեծ Բրիտանիան 1998 թվականի ապրիլի 10-ին կնքել են Բելֆաստի դաշնագիրը, որով Հյուսիսային Իռլանդիային որոշակի ինքնավարություն է տրվել, հաստատվել է բարեփոխումների փաթեթ, որոշվել է զինաթափել զինված կազմավորումները։

Ահա այս փորձի մասին են պատմելու իռլանդացիները այսօր Դուբլինում գումարվող ԵԱՀԿ-ի համաժողովին, որին կմասնակցեն Ֆինլանդիայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտի Ահտիսաարին, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը եւ ԵԱՀԿ-ի պետությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG