Մատչելիության հղումներ

Վաղաժամկետ ազատման հանձնաժողովների գործառույթները կհաստակեցվեն


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Կառավարությունը հինգշաբթի օրը հավանության արժանացրեց հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, որով պետք է նոր, ավելի հստակ կարգ սահմանվի դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման եւ գործունեության համար:

Համաձայն գործող կարգի, երբ լրանում է որեւէ դատապարտյալի պատժաժամկետի մի մասը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կարող է դիմել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու անկախ հանձնաժողովին: Հանձնաժողովը, քննելով տվյալ դատապարտյալի վարքը, կարող է իր հավանությունը տալ, որպեսզի տվյալ դատապարտյալի վաղաժամկետ ազատման հետ կապված միջնորդագիրը փոխանցվի դատարան: Եթե անկախ հանձնաժողովը տվել է իր հավանությունը, դատարանները գրեթե միշտ բավարարում են դատապարտյալների միջնորդագրերը:

Իրավապաշտպաններն ու իրավաբանները բազմիցս են բարձրաձայնել, թե նշված հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ չէ, որոշումները չեն հիմնավորվում եւ հանձնաժողովների գործունեության հետ կապված առկա է կոռուպցիոն ռիսկ:

Այսօր կառավարության նիստում ներկայացնելով Հայաստանի նախագահի հրամանագրի նախագիծը՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, թե կառավարության նախաձեռնության արդյունքում հանձնաժողովների գործունեությունը կդառնա ավելի թափանցիկ եւ կսահմանվեն հստակ չափորոշիչներ, որոնց հիման վրա այդ հանձնաժողովները կամ պետք է բավարարեն դատապարտյալների խնդրանքը վաղաժամկետ ազատ արձակման մասին, կամ պետք է մերժեն` հիմնավորելով իրենց որոշումը:

«Այս փոփոխությունները բխում են մեր երկրում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներից, մասնավորապես, անկախ հանձնաժողովների գործունեության առավել հստակեցումից եւ կարգի սահմանումից, որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել այս հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը, մյուս կողմից ապահովել ներքին անկախությունը», - ասաց նախարարը:

Թովամասյանը նաեւ տեղկացրեց, որ առաջիկայում կառավարությունն իր որոշմամբ կհաստատի նաեւ վերը հիշատակված չափոորոշիչները, որոնց ազատազրկման անձինք պետք է համապատասխանեն, որպեսզի հավակնեն ազատվելուն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով ասաց, թե բազմաթիվ պաշտպանյալներ է ունեցել, ովքեր առնչվել են վերոհիշյալ հանձնաժողովների հետ, նշեց, որ այսօր էլ այդ հանձնաժողովները իրենց որոշումները կայացնելիս որեւէ կերպ չեն հիմնավորում այդ որոշումը, եւ մարդու համար անհասկանալի է, թե ինչու իրեն մերժեցին վաղաժամկետ ազատ արձակման հարցում, իսկ մյուսին՝ ոչ:

«Օրենքը դատապարտյալին իրավունք է տալիս դատարան դիմելու, սակայն երկու օղակ է արհեստականորեն մտել ազատազրկման ձեւով պատիժը կրող անձի եւ դատարանի միջեւ: Առաջինը՝ որպեսզի անձը դիմի դատարան, պետք է վարչակազմի հանձնաժողովը ինչ-որ առումով հավանություն տա, եւ նա միջնորդագիր ներկայացնի: Երկրորդը` որպեսզի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հանձնաժողովը միջնորդագիր ներկայացնի, հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է, այսպես ասած, անկախ հանձնժողով, որը իր կարծիքը պետք է հայտնի», - ասաց Հայրապետյանը՝ շարունակելով. - «Այսինքն եթե անկախ հանձնաժողովը տալիս էր բացասական կարծիք, բնականաբար, վարչակազմը միջնորդագիր չէր ներկայացնում դատարան, եւ գործը չէր քննվում: Սա արհեստականորեն բարդացրել էր գործընթացը, ինչը շատ փաստաբանների կարծիքով հակասում է Սահմանադրությանը, որովհետեւ անձը պետք է իրավունք ունենա դիմել դատարան իր իրավունքների հետ կապված գործով»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց այն ակնկալիքները, որ ունեն կառավարության այս նախաձեռնության առնչությամբ. - «Մենք ակնկալում ենք, որ այդ հանձնաժողովների գործառույթները լինեն շատ հստակեցված, ինչը այդպես չէ հիմա: Այսինքն ինչպես է հանձնաժողովը ձեւավորվում, հարցերը քննարկում, որոշումներ ընդունում: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մինչեւ հիմա դժգոհություն կար որոշումների հիմնավորվածության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG