Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի՝ մեծությամբ չորրորդ ուժն ու միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն առաջարկում է օրենքով Թուրքիայում ապրիլի 24-ը հայտարարել հայերի սուգը եւ ցավը կիսելու օր:

Նման հայտարարությամբ է երեկ հանդես եկել կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը, ով նաեւ խորհդարանում ասուլիսի ժամանակ առաջին անգամ հրապարակավ ցեղասպանություն է որակել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները:

«Երիտթուրքերը մեծ կոտորած են իրականացրել, աշխարհի բոլոր լեզուներով դա համարժեք է ցեղասպանությանը։ Մարդկանց ունեցվածքը, մշակութային ժառանգությունը թալանվել է», - հայտարարել է Օնդերը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ է ներկա եղել ապրիլ 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանոթւթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։

Քրդական կուսակցության պատգամավորը չէր ավարտել խոսքը, երբ ասուլիսին ներկա թուրք լրագրողը բորբոքված միջամտել է` պնդելով, թե պատգամավորը չի հասկանում ինչի մասին է խոսում։ «Դուք դեմագոգիայով եք զբաղված, ո՞վ է ցեղասպանություն իրականացրել, ի՞նչ եք խոսում, ի՞նչ է, դուք պատմաբա՞ն եք», - տեղից բացականչում էր լրագրողը։

Համացանցում տեղադրված տեսանյութից երեւում է, թե ինչպես են ներկաները հանգստացնում ու կարգի հրավիրում վրդովված թուրք լրագրողին, ինչից հետո պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը շարունակում է. - «Անընդունելի է ժխտել կատարվածը. մարդկանց կրած այդ տառապանքները անհնար է փողով կամ այլ կերպ փոխհատուցել։ Շատ նվաստացուցիչ է այն պնդումը, որ եթե ցեղասպանություն ասենք, հայերը մեզնից փող ու հող կուզեն։ Իրականում հանցանք է կատարվել մարդկության դեմ, եւ նման ցավը որեւէ կերպ գումարով չես կարող սփոփել։ Մի շարք երկրներ` նաեւ իրենց քաղաքական շահերից ելնելով, օգտագործում են այս ողբերգությունը»:

«Դրա դեմն առնելու ճանապարհը մեկն է՝ ընդունել անցյալը եւ հայերի հետ միասին կիսել նրանց տառապանքները», - հավելել է Օնդերը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ելույթին հետեւած ասուլիսի ժամանակ քրդական կուսակցության ներկայացուցիչը նաեւ ցույց է տվել 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված եւ մահվան դատապարտված հայ պատգամավորների, գրողների ու մտավորականների լուսանկարները։

«Սա աննախադեպ երեւույթ էր Թուրքիայի քաղաքական կյանքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Ստամբուլում՝ արդեն ավելի քան 70 տարի լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեչյանը։ - «Առաջին անգամ է, որ պաշտոնական կուսակցությունը այսպիսի խիզախ առաջարկով հանդես կուգա։ Բայց այս կուսակցությունը վերջին շրջանում շատ հանդուգն քայլեր է անում թե' հայկական, թե' քրդական, թե' այլ խնդիրների վերաբերյալ»։

Նշենք, որ ավելի վաղ նույն կուսակցությունը հայտարարություն էր տարածել ապրիլ 24-ի կապակցությամբ եւ կոչ արել Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել հայերից կատարվածի համար։

«Թուրքիան դեռեւս հաշվի չի նստել իր սեփական պատմության հետ եւ ներողություն չի խնդրել հայ ժողովրդից», - հայտարարել էր «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը՝ ընդգծելով, որ պատմության չբացահայտված այդ մութ իրադարձությունները «ճանապարհ են հարթել նոր ողբերգությունների ու կոտորածների համար»։

«Թեեւ խմբակցությունը մեծությամբ չորրորդն է Թուրքիայի Ազգային ժողովում, այդուամենայնիվ, խիստ անհավանական է, որ մեծամասնությունը դրական արձագանքի այս նախաձեռնությանը», ասում է Ռոբեր Հաթեչյանը` հավելելով. - «Միեւնույնն է, այս նախաձեռնությունը դեռ երկար կփոթորկի Թուրքիայի քաղաքական դաշտը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG