Մատչելիության հղումներ

Ի՞նչ է փոխվել ՏԸՀ-ներում


Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամներն ընտրությունների նախապատրաստման այս փուլում մասնակցում են դասընթացների, որոնք կազմակերպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը։

Դասըթացը վարող մասնագետներն ասում են՝ չնայած տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ վկայականների առկայությանը, կան դեպքեր, երբ պարզվում է, որ նրանք չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին։

«Ես զարմանում եմ որակավորման դասընթացները ինչպե՞ս են այդ մարդիկ անցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց դասախոս Վանուշ Զեյնալյանը։ - «Եթե նկատում ենք, որ վատ գիտի, եւ չի խախտել դեռ օրենսգիրքը, այդ դեպքում ոչինչ անել չենք կարող»։

Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սպարտակ Մուսայելյանի հետ զրույցից պարզվեց, որ թեեւ փոխվել է հանձնաժողովների ձեւավորման կարգը, մեծ հաշվով, չի փոխվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման հիմնական ռեսուրսը․ հանձնաժողովի անդամ են նշանակվում նույն մարդիկ, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ ընդգրկված են եղել հանձնաժողովներում։

4/19 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Լեւոն Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ «սկսած կոմունիստներից, մինչեւ այսօր» եղել է կա'մ հանձնաժողովի անդամ, կա'մ հանձնաժողովի նախագահ։

4-րդ ընտրատարածքի 19-րդ ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Անահիտ Սերոբյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, նշեց, որ առաջին անգամ է ընդգրկվել հանձնաժողովի կազմում։

«Նախկինում մեկ անգամ եղել եմ դիտորդ նույն տեղամասում», - պատմեց Սերոբյանը: - «Որոշեցին, որ ավելի լավ է հանձնաժողովի անդամ հանդես գամ»։

Հիշեցնենք՝ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամները նշանակվում են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հայտերի հիման վրա։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը մոտ 2000 ընտրատեղամասերից 150-ում հատկացված է հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի տեղ։ Լուրեր են շրջանառվում, թե «Ժառանգությունը» տեղամասային հանձնաժողովների իր որոշ տեղերը տվել է Հանրապետականին, բայց ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նկատեց Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, այդ հարցն ավելի հստակ կերեւա ընտրության օրը՝ մայիսի 6-ին։


please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG