Մատչելիության հղումներ

«Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2 հազար կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ», - հինգշաբթի օրը այս մասին հաղորդում է տարածել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, «ապրիլի 24-ին արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Անդրանիկ Մադոյանը եւ Էռնեստ Սարգսյանը»:

«Վերոնշյալ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ, ցինիկաբար անտեսելով Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաեւ սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, նախօրեին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում եւս արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել նաեւ գյուղի ուղղությամբ:

Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշեց, որ այս տարածաշրջանում կրակոցներ դիրքերի ուղղությամբ նախկինում էլ եղել են, բայց բնակավայրի` տների, շինությունների գնդակոծություն ինքը վաղուց չի հիշում:

«Նման միջադեպ, որ հենց գյուղի տարածքը գնդակոծեն, չեմ էլ հիշում վերջին անգամ երբ է եղել: Եթե կրակոցներ լինում են, դիրքի, դաշտի ուղղությամբ են լինում, իսկ բնակավայրի վրա շատ շուտվանից նման բան չի եղել», - ասաց գյուղապետը:

Նշենք, որ վնասվել է գյուղի մանկապարտեզը եւ մանկապարտեզի մոտ կայանած ավտոմեքենան: Հայկական կողմից տուժածներ եւ վիրավորվածներ չկան: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մանկապարտեզի սաները եւ անձնակազմը տարհանվել են։

Գյուղապետի հավաստմամբ, միջադեպին արագորեն արձագանքել է նշված հատվածում տեղակայված հայկական զինվորական ստորաբաժանումը։ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է»։

Վերջին ամիսներին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը, անտեսելով միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմն ու այդպիսով վտանգում ինչպես բանակցային գործընթացը, այնպես էլ կայունությունը ողջ տարածաշրջանում։

XS
SM
MD
LG