Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ երեկոյան նախընտրական հանրահավաք անցկացրեց Արարատի մարզկենտրոն Արտաշատում։

Դաշնակցականները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, խոսեցին երկրում ստեղծված իրավիճակի ու դրա լուծման՝ իրենց պատկերացրած ճանապարհի մասին։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանրահավաքում հայտարարեց, թե իրենց նախընտրական ծրագիրն այդպես էլ թղթի վրա կմնա, եթե չլուծեն թիվ 1 խնդիրը, այն է՝ ամբողջական իշխանափոխություն։

«Այս իշխանությունները չեն կարող լուծել այն հարցերը, որոնք ոչ միայն մենք ենք բարձրացնում, այլեւ իրենք են բարձրացնում», - ասաց դաշնակցական գործիչը՝ հավելելով․ - «Պիտի հիշենք, որ 4-5 տարի առաջ իրենք են եկել, խոստումներ են տվել, սոցիալ-տնտեսական ցուցանիշներ են հրապարակել»։

Դիմելով իշխանություններին, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե այսպիսի արտագաղթ երկիրը երբեք չի տեսել․ - «Մի՛ խոսեք արդարությունից, սոցիալական հարցերի լուծումից, ազգայինից, հավատքից, ինչ-որ բաներ փոխելուց․․․ դուք չեք կարող մարդկանց մեջ հավատ ներշնչել, որովհետեւ դուք ամեն ինչ արել եք, որ այս ժողովրդի մեջ հավատը մեռնի եւ այդ հավատը մեռնելու հետեւանք է, որ օտար ափերում է այսօր հայը իր ճակատագիրը փնտրում»։

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՅԴ նախընտրական ծրագիրը, ասաց, որ այն մրցակցությունից դուրս է, քանի որ երկրի բարեկեցության ծրագիր է։ Ըստ Մինասյանի, այս ծրագիրը կյանքի կոչվելու դեպքում 200 հազարից ավելի աշխատատեղեր կստեղծվեն, արդեն 2013 թվականից նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակը կհասնի շուրջ 63 հազար դրամի։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանն էլ իր ելույթում ասաց, թե նախագահ Սերժ Սարգսյանը այս օրերին խոսում է հանդուրժողականության, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ իրականությունն այլ է․ - «Համատարած 10 հազար դրամ ընտրակաշառքի խոստում է ու բաժանում։ Մարզպետները, գյուղապետերը, իրավապահները մարդկանց կանչում են, վախեցնում, ստիպում աշխատել իշխանության համար։ Իշխանություն ասելով՝ ես նկատի ունեմ այսօր գործող կոալիցիան»։

XS
SM
MD
LG