Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն ընդդեմ արեւմտյան դիվանագետների


Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերով
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերով
Ադրբեջանի իշխանությունները Բաքվում հավատարմագրված արեւմտյան դիվանագետներին մեղադրում են երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը, մեկնաբանելով ադրբեջանական ընդդիմության առաջնորդների եւ Բաքվում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հանդիպումը:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե այդ դիվանագետները հանդիպեին ադրբեջանցի փախստականների, այլ ոչ թե կայունությունը խարխլել փորձող ուժերի հետ», - հայտարարեց ադրբեջանցի պաշտոնյան:

Բաքվում հավատարմագրված Թուրքիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Նորվեգիայի, Եվրամիության դեսպանները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի գրասենյակների ներկայացուցիչները երեքշաբթի օրը այցելել էին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության գրասենյակ` ընդդիմության առաջնորդների հետ քննարկելով Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական կացությունը:

Արեւմտյան դիվանագետները հանդիպման ավարտին խուսափում էին մեկնաբանություններից։ Միայն Եվրոպայի խորհրդի Բաքվի ներկայացուցիչը հայտարարեց, թե «սա նորմալ հանդիպում էր»:

Ընդդիմության առաջնորդներից «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարն էլ նշում էր. - «Հիմնական թեման, որին անդրադարձանք, քաղբանտարկյալների, մասնավորաբար` ազատազրկված լրագրողների խնդիրն էր: Անդրադարձանք նաեւ շարքային քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներին, հավաքների ազատության սահմանափակումներին: Ընդհանուր առմամբ, նման հանդիպումների հիմնական նպատակը դիվանագիտական կորպուսի կողմից ժողովրդավարությանն աջակցելն է»:

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներն ու վերլուծաբաններն էլ նկատում են, որ արեւմտյան երկրների դեսպանները որոշեցին ընդդիմության առաջնորդների հետ հանդիպել կիրակի օրը Բաքվի արվարձաններից մեկում տեղի ունեցած բողոքի ակցիայից երկու օր անց, որը, մի շարք գնահատականների համաձայն, ամենամարդաշատն էր 2005 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG