Մատչելիության հղումներ

Ապրիլի 26-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը հռետորական հարց է ուղղում` կա՞ արդյոք վախի մթնոլորտ, ու շարունակում. - «Այդ հարցին պատասխանելու համար պետք է որոշել՝ արդյոք մեր երկրում իսկապե՞ս բռնապետական ռեժիմ է, ինչպես երբեմն պնդում են ընդդիմադիրները: Եթե՝ այո, մենք ապրում ենք այնպիսի ռեժիմի պայմաններում, ինչպիսին Հյուսիսային Կորեայում է կամ Թուրքմենստանում, ապա, անշուշտ, մեր ժողովուրդը նույնպես վախեցած է եւ ահաբեկված ու ընտրությունների ինստիտուտ ընդհանրապես գոյություն չունի: Քաղաքացիներն ընդհանրապես հնարավորություն չունեն ո'չ իրական, ո'չ էլ վիրտուալ տարածքում արտահայտել իրենց կարծիքը, եւ այս պարագայում իսկապես ոչ մի իմաստ չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու: Բայց Հայաստանը, իմ տպավորությամբ, բռնապետություն չէ, այլ ավտորիտար, կոռումպացված ռեժիմով պետություն: Ավելի շուտ նման է Լատինական Ամերիկայի կամ ԱՊՀ-ի որոշ երկրների: Ընդ որում, 2011թ. կեսերից (քաղբանտարկյալներին ազատելուց եւ հավաքների ազատությունը չխոչընդոտելու կուրս բռնելուց հետո) Հայաստանը դրսեւորում է մեղմ ավտորիտարիզմի նշաններ»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Ենթադրենք` օտար մեկը չգիտի, որ Սերժ Սարգսյանը ե’ւ կոմունիստների, ե'ւ ՀՀՇ-ի, ե'ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է իշխանություն: Չգիտի, որ կային ժամանակներ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահն է եղել եւ այլն, եւ հիմա հետեւում է քարոզարշավին: Ի՞նչ պիտի հասկանա օտար այդ մարդը: Ուշադիր պիտի նայի բոլոր այդ հոլովակները եւ հասկանա, որ բոլորը դժգոհ են այս վիճակից… Մի խոսքով` Հայաստանն այս առումով իսկապես էկզոտիկ երկիր է, եւ եթե իշխանություններն իսկապես ուզում են զարգացնել տուրիզմը, ապա կարող են աշխարհում նախադեպը չունեցող այսպիսի ծրագիր իրականացնել` «քաղաքական տուրիզմ»»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Թեեւ 2007-ին էլ քարոզչության հիմնական մասը տանում էր Սերժ Սարգսյանը, սակայն նրան զուգահեռ տարբեր բեմահարթակներում հեռուստաեթերում, բանավիճային սեղանների շուրջ Հանրապետական կուսակցության անդամները մեծ խանդավառությամբ ներկայացնում էին իրենց ծրագրերը ու խոստումներ շռայլում: Մինչդեռ այս անգամ, ինչպես ցույց տվեց քարոզարշավի արդեն իսկ անցած կեսից ավելի ժամանակահատվածը, ՀՀԿ-ն որդեգրել է հնարավորինս զգուշավոր եւ ապահրապարակային մարտավարություն` ՀՀԿ ողջ քարոզարշավը իրականացնում է կուսակցության նախագահը: Տարօրինակ է: Թվում էր, թե հավատալու խնդրանքով ժողովրդին դիմած քաղաքական ուժը պետք է առավելագույնը աներ` այդ հավատին արժանանալու համար: Պետք է մեկ առ մեկ բացատրեր, թե ինչու այս կամ այն հարցում իրենք չկարողացան հասնել խոստացված արդյունքին եւ հնարավորինս մատչելի փաստարկներով ներկայացնել, թե ինչի հիման վրա են այս անգամ կառուցում իրենց խոստումներն ու խնդրում հավատալ իրենց: Սակայն մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն ոչ միայն էական ջանքեր չի գործադրում, այլեւ պարզապես խուսափում է այն իրավիճակներից, որտեղ ստիպված է լինելու պատասխանել վերը նշված հարցադրումներին»:

«Երկիր» օրաթերթի հետ հարցազրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանն ասում է. - «Նոր Ընտրական օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ է տալիս վերահսկելու ընտրությունների ընթացքը: Օրինակ, նախկին օրենսգրքում հստակ սահմանված չէր եւ լինում էին վեճեր, թե արդյո՞ք կարելի է նկարահանել ընտրությունների ընթացքը: Այժմ հստակ սահմանվում է, որ կարելի է նկարահանել` չխոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաեւ նշվում են այն անձինք, ովքեր կարող են նկարահանել: Մեր օրենքով` ստորագրվող եւ ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, քանի որ խախտվում է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Դուք ինչո՞ւ պիտի իմանաք` ես քվեարկել եմ, թե ոչ»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Երեկ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա 1-ին եռամսյակում ՀՀ-ից իրականացված արտահանման մասին մանրամասն տեղեկանք, ըստ որի` նշված ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 292 միլիոն դոլարի ապրանք: Սա շատ ուշագրավ ցուցանիշ է, քանի որ ընդամենը 5 օր առաջ ՀՀ ազգային վիճակագրությունը հրապարակել էր բոլորովին այլ ցուցանիշ, ըստ որի` նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը եղել է 348 մլն դոլար: Այսինքն, 2 պետական գերատեսչություններ նույն ցուցանիշի 2 տարբերակ ունեն, որոնք իրարից տարբեր են 56 մլն դոլարով»:

please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG