Մատչելիության հղումներ

logo-print

«Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կա»


Անդրեյ Սորոկինը, Տիգրան Մուկուչյանը եւ Թրայան Հրիստեան ստորագրում են փոխըմբռնման հուշագիրը:

Անդրեյ Սորոկինը, Տիգրան Մուկուչյանը եւ Թրայան Հրիստեան ստորագրում են փոխըմբռնման հուշագիրը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան եւ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են միջազգային աջակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եվրամիությունը, ինչպես հայտնի է, 1.7 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին այդ նպատակով:

«Պետք է ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ երկրի ղեկավարների, քաղաքական կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների [ներկայացուցիչների] հետ հանդիպումներում զգացել եմ այս ընտրությունները բաց, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու մեծ ցանկություն` այն, ինչ պահանջում են ե'ւ միջազգային հանրությունը, ե'ւ հայ հասարակությունն ու ընտրողները: Այդ պատճառով կարող եմ ասել, որ քաղաքական կամք կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը::

Հարցին, թե արդյոք նախընտրական փուլում խախտումներ արձանագրել են, դեսպանն արձագանքեց, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը ընտրական գործընթացները դիտարկելու առաքելություն չունի, դա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի) լիազորությունների շրջանակում է, որն առաջիկա օրերին կհրապարակի իր հերթական միջանկյալ զեկույցը:

Սորոկինը, այդուհանդերձ, փոխանցեց իր անձնական տպավորությունը. - «Մենք ուշադիր հետեւում ենք, կարդում ենք: Կարող եմ ասել, որ առայժմ լուրջ եւ խոշոր խախտումներ չենք տեսնում»:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները փորձաշրջան են Հայաստանի համար»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան:- «Եվրոպական կառույցները հետեւելու են այս քննությանը, եւ ընտրություններն են դառնալու առաջիկայում մեր համագործակցության զարգացման հիմքը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ընտրարշավի ընթացքում հնչող ահազանգերին` տեղեկացրեց, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների վերաբերյալ ֆորմալ բողոքներ հանձնաժողովը չի ստացել, մեծամասնական թեկնածուների բողոքներին ու մամուլում տեղ գտած տարբեր հրապարակումներին հանձնաժողովը օպերատիվ արձագանքում է:

Հարցին, թե արդյոք ԿԸՀ-ն ուսումնասիրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընդդիմադիր թեկնածուի քիթը կոտրելու միջադեպը, Մուկուչյանն արձագանքեց, թե դրանով զբաղվում է ոստիկանությունը:

«Այն իրավախախտումը, որի վերաբերյալ խոսվում էր, իրենում պարունակում էր նաեւ հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներ: Դրանով պայմանավորված համապատասխան հաղորդում է եղել, եւ, բնական է, պատկան մարմինները, օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, իրականացնում են այդ վարույթը», - ասաց Մուկուչյանը:

Հարցին, թե ուսումնասիրվել են, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կողմից մարզերին տրակտորների տրամադրման մասին ահազանգերը, կամ դպրոցներից մեկի շրջանավարտների վերջին զանգի արարողությունը պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար անցկացնելու խոստումների մասին ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պնդումները, Մուկուչյանը պատասխանեց. - «Ընտրական գործընթացի փուլում ընտրական գործընթացի սուբյեկտների, մասնակիցների կողմից բարեգործության անցկացումը արգելվում է: Տվյալ պարագայում համեմայն դեպս պետք է փաստել, որ մինչ այս պահը հանձնաժողովում նման դիմում-բողոք փաստական հանգամանքներով ստացված չէ, եւ, բնականաբար, դիմումի բացակայությամբ պայմանավորված, վարույթներ նման կարգի իրականացվել ըստ էության չեն կարող: Որովհետեւ այն փաստերը, որոնք ներկայացվում են առանձին լրատվամիջոցների կողմից, կամ ինչ-որ փաստարկումներ են բերվում, դեռեւս այնպիսին չեն, որոնք հիմք կտային հանձնաժողովին սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարույթներ»:

Մուկուչյանը «բացարձակ սուտ» որակեց տարածվող տեղեկությունները, թե քվեարկության օրը քաղաքացիների անձնագրերում դրվելիք կնիքի թանաքը լինելու է 2-3 ժամ հետո օքսիդացող, այլ ոչ թե 12 ժամ հետո անհետացող, ինչպես պահանջում է Ընտրական օրենսգիրքը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ բոլոր նրանց, ովքեր համարվում են նշված հարցով հավաստի աղբյուր հանդիսացող սուբյեկտներ, բոլորին հրավիրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, կարող են գալ, կարող ենք ազատ ցույց տալ բոլոր տուփերը, որոնցով ստացված են այդ թանաքները, ի դեպ, թանաքը ստացված է դրսից: Գան, ցանկացած թանաքանյութը իրենք ընտրեն, փորձարկեն իրենց անձնագրերում», - հայտարարեց ԿԸՀ-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG