Մատչելիության հղումներ

ԲՀԿ անդամ. Աշխատել ենք այնքան, որքան հնարավորություն է տվել կոալիցիոն համագործակցությունը


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի համոզմամբ` Հայաստանի բազմաթիվ բնագավառներում առկա են աղետալի ցուցանիշներ, իսկ երկիրն էլ կարիք ունի արմատական փոփոխությունների:

«Մենք ունենք անհանգստացնող ահազանգեր սոցիալ-տնտեսական, կենցաղային, հոգեբանական, բարոյական եւ այլ ոլորտներում, եւ սրանք չեն կարող չմտահոգել բոլորին, լինի իշխանություն, թե` ընդդիմություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սաֆարյանը:

Սաֆարյանը ընդգծեց, որ ԲՀԿ-ն մասնակցում է խորհրդարանական ընտրություններին` երկրում էական, արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակով:

«Մենք կարծում ենք, որ մեր երկրում ընդհանուր ընկալում կա նրա, որ առանց արմատական, էական փոփոխությունների երկրի լավ ապագան տեսնելը, կանխորոշելը շատ դժվար է: Ես կարծում եմ, մեր քաղաքական դաշտում էլ կա այն ընդհանուր, համատարած ընկալումը, որ երկրին անհրաժեշտ են համակարգային, լուրջ, էական փոփոխություններ: Համաձայնեցված աշխատանք է պետք: Ուզում եմ հատուկ ընդգծել` մենք կարծում ենք, որ քաղաքացիական համերաշխության պարագայում, համազգային միասնության պարագայում քաղաքական ուժերի երկխոսության եւ հասարակության աջակցության պայմաններում, այդ լուրջ խնդիրները, որոնք գրված են մեր ծրագրում, միանգամայն հնարավոր է լուծել գալիք հինգ տարիների ընթացքում», - ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

Հարցին, թե կարելի՞ է հետեւություն անել, որ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները չեն գոհացնում ԲՀԿ-ին, Սաֆարյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ` դրանք ոչ միայն ԲՀԿ-ին չեն գոհացնում, այն նաեւ մեր կոալիցիոն գործընկերներին: Դրա համար էլ բոլորի կարգախոսները եւ ծրագրերը փոփոխությունների հիման վրա են կառուցված: Այս քարոզարշավի գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքական բոլոր լուրջ, հիմնական քաղաքական ուժերի համար ստեղծված իրավիճակից լավագույն ելք, ապագայի լավագույն տեսլական ունենալն ու ապահովելն է»:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե ի՞նչ կասի այն կապակցությամբ, որ նախորդ տարիներին եւ հիմա էլ ԲՀԿ-ն կառավարության մաս է, Սաֆարյանը արձագանքեց. - «Մենք աշխատել ենք այնքան, որքան հնարավորություն է տվել մեր կոալիցիոն համագործակցությունը: Իսկ կոալիցիոն կառավարության եւ խորհրդարանում քաղաքական մեծամասնության մեջ եղել ենք շիտակ, ուղիղ, պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի մեր կոալիցիոն գործընկերների համար: Արել ենք այն, ինչ հնարավոր է համարվել, այն, ինչ նկատվել է օգտակար եւ առաջնահերթ կոալիցիայի տեսանկյունից»:

«Սակայն մենք ունենք մեր ինքնուրույն քաղաքական տեսլականը», - շարունակեց Սաֆարյանը. - «Այն շարադրել ենք 2007 թվականի մեր ծրագրում, որը ընդունելի է եղել երկու կառավարությունների համար: Դա չի կենսագործվել տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամն էր, բայց մենք մեր ծրագիրը կենսագործելու մեծ ցանկություն եւ մեծ պատրաստակամություն ունենք եւ համոզված ենք, որ 2007-ի եւ 2012-ի նախընտրական ծրագրային հիմնադրույթների իրագործումը կյանքում [եթե ժողովուրդը վստահեց] բերելու է հաջողության»:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնք ԲՀԿ-ին ներկայացնում են որպես արտաքին քաղաքականության մեջ ռուսական կողմնորոշում ունեցող ուժ, եւ որպես հիմք նշվում է ԲՀԿ-ի կապերը Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, Սաֆարյանը ասաց - «Դա նրանից է, որ մենք արտակարգ վստահելի եւ բարեկամական հարաբերություններ ունենք այսօր Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Ես կարծում եմ, մենք շատ հայամետ ուժ ենք եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի սրտից ու հոգուց խոսող ուժ ենք, եւ մեր կողմնակիցները, իսկ դրանք 100 հազարավոր մարդիկ են, շատ լավ գիտեն, որ մենք գիտենք նրանց հոգսը, մտքերն ու մղումներն այնպես, ինչպես գուցե ուրիշ քչերը գիտեն Հայաստանի քաղաքական դաշտում: Մեր բարեկամների մեջ եւ ռուսներն են, եւ չինացիները, եւ եվրոպացիները, եւ մեր անմիջական հարեւաններից շատերը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG