Մատչելիության հղումներ

logo-print
Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել։ Այդպիսով նա ցանկանում է բողոքել իր նկատմամբ կատարված բռնության դեմ եւ միջազգային ուշադրություն հրավիրել, հայտնել է Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն:

«Յուլիա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել, նրա որովայնի եւ թեւերի շրջանում կապտուկներ ու արյունազեղումներ կան», - ասել է փաստաբանը։

Վլասենկոն նաեւ ընթերցել է Տիմոշենկոյի տարածած հայտարարությունը, որում նա պնդում է, թե իրեն բռնի ուժով տարել են հիվանդանոց։

Սկզբում կալանավայրի ղեկավարությունը հայտարարեց, որ բռնություն չի եղել` պարզապես Տիմոշենկոն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, եւ բանտի աշխատողները միայն ուղեկցել են նրան:

Սակայն ավելի ուշ Խարկովի շրջանային դատախազ Գենադի Տյուրինը հաստատեց, որ Տիմոշենկոն հարկադրաբար է տարվել Խարկովի բուժհաստատություններից մեկը, միաժամանակ վստահեցնելով, որ բանտային ծառայության աշխատակիցները գործել են օրենքի շրջանակներում:

«Դեպքը այսպես է տեղի ունեցել. մարդը հավաքվել էր, հագնվել էր, պատրաստվել էր, հետո պառկեց եւ ասաց, որ ոչ մի տեղ չի գնա։ Օրենսդրության համաձայն` բանտային ծառայությունն իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառել, այսինքն` վերցրել են ձեռքերի վրա, տարել, նստեցրել են մեքենա», - հայտարարեց Տյուրինը:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բեռնար Վալերոն հայտարարել է, որ իրենք մտահոգված են Տիմոշենկոյի առողջական վիճակով:

Տիմոշենկոյի կուսակից խորհրդարանականները ուկրաինական Ռադայի աշխատանքներն այսօր կաթվածահար են արել` փակելով պատգամավորների մուտքը նիստերի դահլիճ։ Այդպիսով նրանք բողոքում են նախկին վարչապետի նկատմամբ կիրառված բռնության դեմ եւ պահանջում նաեւ անհապաղ ազատ արձակել նրան։

Ուկրաինայի նախկին վարչապետը անցած շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց` մեջքի ցավերի դեմ բուժում ստանալու նպատակով։

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG