Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան․ «Խոր համագործակցության մասին կարելի է խոսել, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն»


Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյան
Երկրում ստեղծված վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդգրկված բոլոր ուժերը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ պատասխանելով այն հարցադրումներին, թե ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսը այսօր քննադատության թիրախ դարձրել կոալիցիոն միայն մեկ ուժի՝ Հանրապետականին, մինչդեռ համագործակցում է իշխանության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։

«Իմ տեսակետը շատ հստակ է․ այս վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդրգկված բոլոր քաղաքական ուժերը, բայց առաջին հերթին, իհարկե, Հանրապետական կուսակցությունը։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա՝ խոր համագործակցության մասին կարելի է խոսել, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն։ Հիմա խոսքը գնում է ընտրությունների օրինականությունը ապահովելու մասին։ Թե ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա այդ միասնական շտաբը՝ ժամանակը ցույց կտա», - նշեց Ստեփան Դեմիրճյանը։

«Դուք հավատո՞ւմ եք, որ Բարգավաճը ցանկություն ունի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել», - մեր այս հարցին ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես ասացի՝ ժամանակը ցույց կտա, եւ, իհարկե, շտաբում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը պետք է անաչառ լինեն եւ պահանջկոտ լինեն նաեւ իրենց նկատմամբ»։

«Իսկ որքանո՞վ եք դուք հնարավոր համարում ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիայի կազմումը», - հարցին Ստեփան Դեմիրճյանն արձագանքեց․ - «Վաղաժամ են նման խոսակցությունները։ Առհասարակ, ես կարծում եմ, անիմաստ են նման խոսակցությունները»։

«Տեսակետներ կան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության արդյունքում ի վերջո Հայ ազգային կոնգրեսը իշխանության է բերելու Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս կգնահատեիք այս տեսակետը», - հարցին ի պատասխան Դեմիրճյանն ասաց․ - «Թույլ տվեք արդեն անհեթեթությունները չմեկնաբանեմ»։

Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ իշխանության այն հավաստիացումներին, թե ամեն ինչ արվում է, որպեսզի մայիսի 6-ին իսկապես ազատ եւ արդար ընտրություններ տեղի ունենան։ Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի քարոզարշավի ընթացքում պարբերաբար կրկնում է, որ ինքը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես Հայաստանի նախագահ, նպատակ ունի անցկացնել լավ ընտրություններ, մինչդեռ ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ասում է, թե այս հայտարարություններին հավատալու հիմքեր չկան։

Ստեփան Դեմիրճյանը, ով 2003 թվականից սկսած մասնակցում է բոլոր համապետական ընտրություններին, նշում է, որ ինչպես նախկինում, այսօր իշխանությունը իր վերարտադրության համար լայնորեն օգտագործում է վարչական ռեսուրսը, իրականացվում է մարդկանց պարտադիր կուսակցականացում։

«Բնականաբար, լուրջ չի կարելի վերաբերվել այդ հավաստիացումներին, որովհետեւ մինչ օրս այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները, եւ մեթոդները չեն փոխվել։ Լուսաբանման առումով որոշակի առաջընթաց կա, բայց առավելագույնս օգտագործվում են վարչական ռեսուրսները», - նշեց նա։

Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավարը վստահ է՝ եթե իրապես արդար ընտրություններ անցկացվեն, գործող իշխանությունը որեւէ շանս չունի վերընտրվելու։ Իսկ եթե վարչախումբը ապահովի իր վերարտադրությունը, որեւէ փոփոխություն երկրում տեղի չի ունենա, եւ էլ ավելի լայն թափ կստանա արտագաղթը, կխորանա հուսալքությունը։

«Կամ արդար ընտրություն է լինում, իշխանությունը չի լինում, կամ իշխանությունը կա՝ արդար ընտրություն չի լինում։ Երկուսը անհամատեղելի են։ Պարզապես անտրամաբանական է՝ երկիրը հասցնել այս վիճակին եւ ընտրվել։ Այդպես չի լինում», - հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը, - «Ինչի՞ մասին է խոսքը, եթե անցած 4 տարիների ընթացքում աղքատությունը աճել է, հասել է 35 տոկոսի (իրականում ավելի բարձր է, սա ըստ պաշտոնական տվյալների)։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե արտագաղթն է աճում՝ ըստ պաշտոնական տվյալների 120 հազար մարդ անցած 4 տարիների ընթացքում։ Սա էլ պատկերը»։

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG