Մատչելիության հղումներ

logo-print

Վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դիլանյանը


Արմեն Դիլանյան

Արմեն Դիլանյան

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում, կյանքի 57-րդ տարում վախճանվել է «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա լրագրող Արմեն Դիլանյանը։

Արմեն Դիլանյանը եղել է «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի հիմնադիրներից, գրասենյակում աշխատել է 1992 - 94 թվականներին։ Նա է վարել «Ազատություն» ռադիոկայանի առաջին ռեպորտաժները նորանկախ Հայաստանում տեղի ունեցող ամենաառանցքային իրադարձությունների վերաբերյալ։

1994 - 1995 թվականներին Արմեն Դիլանյանը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի Մյունխենի, իսկ 1995-2006 թվականներին` Պրահայի կենտրոնակայանում։

Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո հայտնի լրագրողը աշխատակցում էր տեղի հայկական լրատվամիջոցներին` իր նպաստը բերելով դրանց զարգացմանը։

«Արմեն Դիլանյանը շատ տաղանդավոր լրագրող էր, եւ հայ լրագրողական աշխարհը մեծ կորուստ կրեց` ի դեմս նրա», - հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը` շարունակելով. - «Եթե պատահական միացրել ես ռադիոընդունիչը, բայց չգիտես, թե ինչ ռադիոկայան ես լսում, ապա Արմենի ձայնը լսելուն պես անմիջապես կարող էիր կռահել, որ եթերում «Ազատություն» ռադիոկայանն է։ Նա մեծ լսարան ուներ Հայաստանում եւ մեծ ավանդ՝ «Ազատություն» ռադիոկայանի հաջողության մեջ»։

«Արմեն Դիլանյանի մահվան բոթը ցնցեց բոլորիս: Խոր վշտով տեղեկացանք, որ երիտասարդ, ուժերի ծաղկուն շրջանում գտնվող մեր գործընկերը երեկ վախճանվել է Միացյալ Նահանգներում, որտեղ բնակություն էր հաստատել վերջին տարիներին», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Գայանե Դանիելյանը։ - «Արմեն Դիլանյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի հիմնադրման օրից իր տաղանդն ու ավյունն է ներդրել ազատ խոսքի տարածման եւ մարդու իրավունքների պաշպանության գործում` իր բացառիկ հավաստի ու անկեղծ ռադիոհաղորդումներով, իր հրաշալի ձայնով: Նա անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետության տարեգիրներից մեկն էր»:

«Արմեն Դիլանյանին մենք խմբագրությունում անվանել ենք Դիլո, որովհետեւ շատ էին Արմենները, տարբերել էր պետք։ Մեր Դիլոն` մարդ, ով օրը սկսում էր սուրճի եւ սիգարետի անհաշիվ քանակով եւ սրամիտ անեկդոտներով։ Հետո սկսվում էր աշխատանքը` օրվա լուրեր, մեկնաբանություններ, լուրջ եւ անկեղծ հաղորդումներ մեծ աշխարհի եւ դրա փոքրիկ հատված Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական անցուդարձի մասին։ Նա չէր սիրում պարապը` աշխատանքի, թե հանգստի մեջ, անպայման պետք է ինչ-որ բան աներ, ասեր, մտածեր։ Ծնողներին, երեխաներին եւ թոռներին անչափ սիրող Դիլոն երեխայի խանդավառությամբ պատրաստ էր ձեռնարկել լրագրական նոր ծրագրեր, նախագծեր։ Ուրիշների հետ շփվելիս` չէր սիրում ընկճվել, վանում էր վատ միտքը, քաջալերում, ասում, թե ամեն ինչ լավ կլինի։ Այդ խառնվածքի մարդկանց մոտ տխրությունը երեւի հոգու խորքում է, թաքնված ժպիտների կամ սրամիտ կատակների ետեւում` կամաց-կամաց քայքայում է առողջությունը», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանը։ - «Կարծում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր տեղափոխվել էր ընտանեկան հանգամանքների բերումով, Արմենը շատ էր երազում ակտիվ լրագրության մասին, որն իր տարերքն էր։ Դիլոն հայաստանցի էր, երեւանցի։ Հետեւում էր Հայաստանի կյանքին, հուզվում եւ պնդում, որ վերադառնալու է։ Հիմա ահա այսպիսի վերադարձ։ Նա չէր սիրում պարապը, իսկ հիմա` այս անսպասելի վախճանով Արմենի բարեկամների եւ գործընկերների հոգիներում գոյացավ մի պարապ, որովհետեւ իր տեսակի մեջ անկրկնելի էր մեր Դիլոն»։

«Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը իր ամբողջ կազմով խորը ցավակցություն է հայտնում Արմեն Դիլանյանի ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG