Մատչելիության հղումներ

Ապրիլի 25-ի մամուլ


«Սխալ հաշվարկ» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Եվ այսպես, այսօր ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրարշավում իր հույսը կապում է նրա հետ, որ ԲՀԿ-ն, բավականաչափ ձայներ հավաքելով, կկարողանա Սերժ Սարգսյանի նկատմամբ դրսեւորել ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր կեցվածք, ինչի արդյունքում ներկայիս նախագահի իշխանությունը կթուլանա, եւ առաջիկա նախագահական ընտրություններում ավելի լավ շանսեր կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ը, զգալով, որ չունի բավականաչափ սեփական մարդկային եւ նյութական ռեսուրսներ, որոշեց «ռեժիմի դեմ» պայքարել ԲՀԿ-ի ռեսուրսների միջոցով: Մի կողմ թողնենք, թե որքանով է դա, ի վերջո, վնասելու «ռեժիմին», որի արմատները շատ ավելի խորն են: Խնդիրն այն է, որ, հաշվարկը, ինձ թվում է, հիմքից սխալ է. նման պահվածքով ՀԱԿ-ը իր ընտրողներին նվիրում է ԲՀԿ-ին»:

Ներքաղաքական գործընթացներում ԲՀԿ-ի գործոնին է անդրադառնում նաեւ «Ժողովուրդ» թերթը. - «Քարոզարշավի անցած երկու շաբաթների ընթացքում ակնհայտ դարձավ, որ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ուշադրության առանցքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն է: Անկախ այն հանգամանքից, որ վերջերս որոշ օտարերկրյա սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումներով ԲՀԿ-ն զբաղեցնում է ընդամենը երկրորդ տեղը, դժվար է չնկատել, որ առանց բացառության բոլոր մրցակից ուժերի համար կարեւորագույն նշանակություն ունի, թե այս կամ այն հարցում ինչ կեցվածք է որդեգրում «Բարգավաճ Հայաստան»-ը։ Ընդ որում, եթե դիտարկենք ԲՀԿ-ի հանդեպ ներքաղաքական երեք կենտոոնների վերջին ամիսների գործելաոճը, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում նրանցից յուրաքանչյուրը փորձել է իրենով անել ԲՀԿ-ն՝ դրա համար գործադրելով տեսանելի ջանքեր։ Թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր համագործակցության «քաղաքագիտական» առաջարկով, թե՛ Սերժ Սարգսյանը ԲՀԿ համագումարին իր երկարատեւ մասնակցությամբ եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանն իր «ծանրքաշային» զինակցի՝ Վարդան Օսկանյանի ԲՀԿ գործուղմամբ, կամա թե ակամա էլ ավելի մեծացրին «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական կշիռը»։

«Հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի հետ ձեր նախընտրական համագործակցությունը շարունակվի նաեւ խորհրդարանում, օրինակ, հակաիշխանական կոալիցիայի ձեւով»։ Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին` ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանը նշում է. «Պետք է նայել՝ համագործակցությունն ինչի՞ շուրջ է։ Մենք ՀԱԿ-ի հետ առանձին չենք համագործակցում. խոսքը ընդամենը ընտրությունների համատեղ վերահսկողության մասին է։ Քանի որ ՀՀԿ-ն ասաց՝ չենք մասնակցում միասնական շտաբի աշխատանքներին, քանի որ ՕԵԿ-ը հրավիրված չէ, «Ժառանգությունը» ստորագրեց, հետո ասաց՝ կմնանք այդ ձեւաչափում, եթե առաջին դեմքերն ստորագրեն, հիմա էլ ասում է՝ չենք ուզում, որովհետեւ մեկ այլ կազմակերպություն ընտրակաշառք է բաժանում, մնացին երեքը՝ Դաշնակցություն, ԲՀԿ, ՀԱԿ։ Մեր համագործակցությունն այդ սահմաններում է»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը «Ռեժիմի եւ բարոյականության միջեւ» վերնագրի ներքո գրում է. - ««30 վայրկյանանոց հեղափոխության» գաղափարը կարծես թե լրջորեն խուճապի է մատնել իշխանություններին։ Բանն այնտեղ է հասել, որ ՀՀԿ-ին բացահայտորեն կամ թաքուն ծառայող քարոզչամիջոցները փորձում են այդ գաղափարի դեմ պայքարել «բարոյականության դիրքերից»` իբր մենք հո քցողներ ու դավաճաններ չենք, որ ընտրակաշառք վերցնենք ու գնանք ուրիշին ընտրենք, ինչո՞ւ եք ժողովրդին դրդում անբարոյականության։ Կարելի է կարծել, թե ընտրակաշառք վերցնելն ու ըստ այդմ քվեարկելը բարոյականության գագաթնակետն է»։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին` «Երկիր»-ը գրում է. - «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը` բավարարվելով արդեն սովորական դարձող «Մեծ եղեռն» բառակապակցությամբ: Բայց, ի տարբերություն նախորդ բոլոր ուղերձների, այս տարվանն անցավ մի տեսակ աննկատ: Դրանից առաջ հայ քաղաքական, փորձագիտական միտքն ավելորդ կանխատեսումներ չարեց, վերլուծություններ չարեց, ուղերձից հետո Օբամայի «խոստումնազանցության» մոտիվներով մեկնաբանություններ գրեթե չարվեցին, հուսախաբություններ ու հիասթափություններ չարտահայտվեցին: Սա, իհարկե, առաջին հերթին գալիս էր սպասելիքի բացակայությունից: Բայց հիմնական պատճառը, թերևս, այն է, որ թե՛ Հայաստանի և թե՛ աշխարհասփյուռ հայությունը սովորում է շատ ավելի սթափ, էմոցիաներից զերծ մոտենալ այս ամենին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG