Մատչելիության հղումներ

«Իր խոստումներից եւ ոչ մեկը Օբաման չհարգեց»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ընտրարշավի շրջանակներում Վաշինգտոնում կազմակերպված միջոցառմանը, հունվար, 2012թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ընտրարշավի շրջանակներում Վաշինգտոնում կազմակերպված միջոցառմանը, հունվար, 2012թ.
«Բարաք Օբաման նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կորցրեց ցեղասպանությունը ճանաչելու վերջին հնարավորությունը», - համոզված են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նրանց կանխատեսմամբ` Միացյալ Նահանգներում բնակվող հայության մեծ մասը, ի տարբերություն 2008 թվականի, կարող է չքվեարկել գործող նախագահի օգտին:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «2008-ին ամերիկահայ գաղութը Օբամայի օգտին քվեարկեց` հետեւելով նրա խոստումներին: Օբաման ասում էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կհզորացնի Հայաստանի եւ Ամերիկայի կապերը, խոստացավ նաեւ հստակ ու արդար կեցվածք ունենալ Ղարաբաղի հարցում: Այս խոստումներից եւ ոչ մեկը Բարաք Օբաման չհարգեց»:

«Չորս տարի շարունակ ապրիլի 24-ին նա հնարավորություն ուներ ճանաչել ցեղասպանությունը, բայց չարեց դա», - ընդգծեց Չուլջյանը։

Նրա խոսքով` Օբաման նաեւ որեւէ քայլ չկատարեց Հայաստանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այստեղ Օբաման դիմեց ակնհայտ ոչ հայանպաստ քայլի` Մեթյու Բրայզային նշանակելով Բաքվում ամերիկյան դեսպանի պաշտոնում. - «Մենք տեսանք, թե ինչ տեսակի թեկնածու Օբաման ներկայացրեց Բաքվում դեսպանի պաշտոնում` Մեթ Բրայզան: Հիմա հստակորեն երեւում է, որ նա ադրբեջանամետ կեցվածք է ունեցել այդ ժամանակաշրջանում»:

«Այս բոլորն առիթներ էին Օբամայի համար` կատարելու սեփական խոստումները, ընդլայնելու Հայաստանի հետ կապերը: Նա այդ առիթներից չօգտվեց, եւ կարծում եմ, որ սրա հետեւանքը մենք կտեսնենք նոյեմբերին` քվեատուփերի մոտ», - համոզված է Չուլջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG