Մատչելիության հղումներ

«Ցեղասպանությունը դատավորների գործը պետք է լինի»


Իրավաբան, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոն

Իրավաբան, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոն

Հանրահայտ բրիտանացի իրավապաշտպան, ակադեմիկոս Ջեֆրի Ռոբերթսոնի համոզմամբ` հարկավոր է «ավարտին հասցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը»:

2009-ին Ռոբերթսոնը հրատարակել է մեծ աղմուկ հանած իրավաբանական հուշագիր` «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանություն» վերնագրով:

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում նա կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պատմության ամենաերկար ձգվող գործընթացներից մեկն է, եւ ինքը պահանջում է աշխարհից ավարտին հասցնել այդ գործընթացը:

«Պատմաբաններն իրենց գործն արդեն արել են, եկել է դատավորների ժամանակը, ովքեր արժանի պատիժ ու փոխհատուցում կպահանջեն Ցեղասպանության համար», - ասաց Ռոբերթսոնը` շարունակելով. - «Դա այլեւս պատմաբանների ուսումնասիրության նյութը չէ, այսուհետ Ցեղասպանությունը դատավորների գործը պետք է լինի»:

Ռոբերթսոնը` որպես «Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, առաքելություններ է իրականացրել Մոզամբիկում, Չեխոսլովակիայում, Մալավիում, Վիետնամում եւ Հարավային Աֆրիկայում: Մինչեւ 2007 թվականը Ջեֆրի Ռոբերթսոնը զբաղեցնում էր ՄԱԿ-ի` Սիերա Լեոնեի հատուկ դատարանի վերաքննիչ դատավորի, ապա` դատարանի նախագահի պաշտոնը: 2010 թվականի դեկտեմբերից Ռոբերթսոնը Միացյալ Թագավորության դատական ատյաններում հանդես է գալիս որպես «Վիկիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերի պաշտպան:

2008 թվականին հայտնի իրավապաշտպանին հանձնարարվում է կազմել անկախ եզրակացություններ Հայոց Ցեղասպանության մասին: Ռոբերթսոնը հետազոտում է անգլիական գաղտնի արխիվները եւ հանգում հետեւյալ եզրակացությանը. - «Կասկած չկա, որ 1915-ին Օսմանյան կառավարությունը պատվիրել է Անատոլիայից եւ մյուս մարզերից 2 միլիոն հայերի աքսորը դեպի Սիրիա, եւ հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են հիվանդություններից, սովից եւ զինված հարձակումներից»:

«Մի բան է պատմական փաստերի հաստատումը, մի այլ բան է դրանց վերլուծությունը, որ ես փորձել եմ անել ու գալ եզրակացությունների, որոնք թույլ կտային այդ իրադարձություններին իրավաբանական որակումներ տալ», - հավելեց նա:

Իր 44 էջանոց իրավաբանական հուշագրում Ռոբերթսոնը մեջբերում է Միացյալ Թագավորության պահոցներից գաղտնազերծված մի փաստաթուղթ, որում ասված է. - «Էթիկական տեսանկյունից բրիտանական կառավարությունը կարող է ենթարկվել քննադատության, սակայն հաշվի առնելով մեր քաղաքական, ռազմավարական եւ առեւտրային հարաբերությունները Թուրքիայի հետ, ներկայիս դիրքորոշումը միակ ընդունելի տարբերակն է»:

Թեեւ իրավապաշտպանը նշում է նաեւ, որ ժամանակին Միացյալ Թագավորությունը հայ ժողովրդի հանդեպ վայրագությունների կազմակերպման մեջ կասկածվող 67 թուրք պաշտոնյաների Մալթայում արդարադատության առաջ էր պատրաստվում կանգնեցնել, սակայն Ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի դատավարությունն այդպես էլ չկայացավ, մասնավորապես, Իտալիայի եւ Ֆրանսիայի պատճառով, քանի որ այդ երկրները հոգնեցին միջազգային արդարադատություն իրականացնելու մտքից եւ հայտարարեցին, որ ավելի կարեւոր է բարիդրացիական հարաբերությունների հաստատումը նոր` Աթաթուրքի Թուրքիայի հանրապետության հետ:

Հիմա ոճրագործներն ու վերապրածները ողջ չեն ու գործընթացն ավելի է բարդանում. - «Կարող է տարօրինակ հնչել, բայց որպես կանոն նյութական սեփականությունն ավելի երկարակյաց է, քան մարդկային կյանքը»:

Ռոբերթսոնը նշեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1915-ի դեպքերը որակում են որպես «ողբերգություն» եւ որպես փաստարկ հայտարարում, որ չկա պարզորոշ վկայություն առ այն, որ Օսմանյան կառավարությունը հատուկ մտադրություն եւ որոշում է ունեցել վերացնել հայերին, այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան չի ճանաչել 1915-1916-ի դեպքերը որպես ցեղասպանություն:

«Որեւէ պաշտոնական հրաման, որ կհայտարարեր ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին, երբեւէ գոյություն չի ունեցել եւ չէր կարող գոյություն ունենալ: Ցեղասպանությունները պաշտոնապես ծրագրված կամ հայտարարված չեն լինում», - ասաց Ռոբերթսոնը: - «Հաագայի դատարանները վերջին տարիներին պարբերաբար նշում են, որ ցեղասպանության մտադրությունները կարող են երեւալ այլ գործոններով: Իհարկե, ցեղասպանության ուղիղ մտադրության մասին փաստող որեւէ փաստաթուղթ դուք չեք գտնի, դրա մասին երբեք բացեիբաց չեն հայտարարում: Պետք է հաշվի առնել ստեղծված հանգամանքները»:

Ջեֆրի Ռոբերթսոնի կարծիքով` հայերի համար աքսորի ճանապարհը դարձել էր «մահվան երթ», եւ թուրքական իշխանությունները քաջատեղյակ էին այդ մասին:

«Նրանք ոչինչ չարեցին այդ սարսափելի պայմանները բարելավելու կամ պատժելու նրանց, ովքեր հարձակումներ էին կատարում աքսորվողների նկատմամբ», - ասաց Ռոբերթսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG