Մատչելիության հղումներ

Հայ վերլուծաբանները գնահատում են ցեղասպանության ճանաչման գործընթացները


Հայաստանցի վերլուծաբանների գնահատականները, որպես կանոն, համընկնում են այն հարցում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում պատմաբանները մեծ հաշվով այլեւս անելիք չունեն:

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանի կարծիքով՝ ցեղասպանությանը համարժեք գնահատական տալու համար պաշտոնական Երեւանը այսօր պետք է իրավական մեխանիզմներ փնտրի:

«Ցեղասպանության միջազգային ճանաչում կամ ընդհանրապես ցեղասպանության դատապարտումը առաջին հերթին հետեւանքների վերացումն է իր բոլոր բաղադրիչներով: Այս հարցում արդեն առաջնային պլան է գալիս իրավական ասպեկտը: Չնայած քաղաքականը իր նշանակությունը ունի, բայց հաճախ ենք տեսնում, որ հենց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դառնում է արտաքին դերակատարների կողմից քաղաքական շահերի խաղաքարտ», - ասում է թուրքագետը:

Մինչդեռ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հակադարձում է՝ արդեն իսկ նվաճում է թեկուզ այն, որ ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային քաղաքական գործոն է դարձել:

«Թուրքիային հարաբերությունները թե հարեւանների հետ, եւ թե մասնավորապես Արեւմուտքի հետ հաճախ պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքանով է Թուրքիան ճիշտ մոտենում եւ ինչքանով է գնահատում իր պատմական անցյալը: Հայկական կողմի համար սա առավել կարեւոր է այն հանգամանքով, որ այդ գործոնը մի տեսակ զսպաշապիկ է Թուրքիայի համար», - ասում է Մելիք-Շահնազարյանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մատնացույց անելով քսանից ավելի պետությունները, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդգծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն իսկ արձանագրվել է մի իրողություն, երբ միջազգային ճանաչման գործընթացը կարող է որակական նոր մակարդակ թեւակոխել՝ զուտ ճանաչումից, դատապարտումից անցնելով իրավական հարթություն, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի Սենատի վերջին նախաձեռնությունն էր:

«Դրա նախադրյալները կան նաեւ, օրինակ, Սլովակիայում, որտեղ խոսակցություններ կան, որ ժխտումը այնտեղ նույնպես կարող է քրեականացվել: Ես կարծում եմ, որ մեր անելիքները պետք է մի փոքր վերանայենք եւ այսուհետ պետք է ավելի շեշտադրենք ցեղասպանության իրավական հետեւանքների փոխհատուցման եւ այլ խնդիրների վրա», - կարծում է Մելքոնյանը:

Մելքոնյանը քարոզչական հնարք, ապատեղեկատվություն է որակում այն պնդումները, թե ցեղասպանությանը իրավական գնահատական տալու վերջին հանգրվանը կարող է լինել 100-րդ տարելիցը: Լեւոն Հովսեփյանն էլ այստեղ կոնկրետ միտում է տեսնում:

«Միջազգային հանրությանը մեսիջ է ուղղված, որ արդեն կարելի է ապագային նայել, վերջիվերջո հարյուր տարվա վաղեմություն ունի արդեն, պետք չէ վերադառնալ անցյալին, երկու հարեւաններ պետք է առաջ նայեն», - ասում է Հովսեփյանը:

Հայաստանցի թուրքագետները թուրքական հասարակության ներսում որոշ հետաքրքիր գործընթացներ տեսնում են, օրինակ, մտավորականներն են այս կամ այն կեպով անդրադառնում խնդրին: Սակայն Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիան հաստատակամ է ժխտողականության հարցում, եւ պատմությանն առերեսվում է թուրք ժողովրդի ընդամենը չնչին հատվածը. - «Որը չի կարող էական նշանակություն ունենալ, եւ այդ առումով շատ հետաքրքիր է, որ հենց ապրիլ 24-ին Ստամբուլում կրկին կազմակերպվելու է հիշատակի միջոցառում նվիրված զոհերին, կիրառվելու է անգամ ցեղասպանություն բառը, բայց հենց այդ նույն կազմակերպիչները իրենց տարածած հայտարարության մեջ ասում են, որ իրենց նման փոքրաթիվ ձախակողմյան հայացքներ ունեցող մարդկանց միջոցով հնարավոր չէ Թուրքիայում հասարակական կարծիքը փոխել, մի երկրում, որտեղ մեծամասնությունը մուսուլման է»:

Հովսեփյան էլ շեշտում է՝ իրականում թուրքական հասարակությունն էլ լիովին ծանոթ չէ խնդրին: Նրա կարծիքով՝ պետական մոտեցումից զատ շատ կարեւոր է, որ շարքային քաղաքացիներին էլ վաղ թե ուշ պատրաստ լինեն պատասխանատվությունը կիսելուն:

«Ցավոք սրտի, ես հիմա նման նախադրյալներ չեմ տեսնում թուրք հասարակության կողմից, եւ որոշ նման գործողություններ էլ իրականացվում են թուրքական պետության միջնորդությոմաբ, ցուցումով՝ ցույց տալու, որ Թուրքիայում կա խոսքի ազատություն, կա քննարկում», - ասում է Հովսեփյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG