Մատչելիության հղումներ

«Վշտապատում»-ը կամփոփի ցեղասպանության ականատեսների վկայությունները


Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան

Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է Մեծ եղեռնի 97-րդ տարելիցը տարբեր ձեռնարկներով, որոնց շարքում իրենց տեղն ունեն Հայոց ցեղասպանությանը նվիրված Հայաստանում եւ Սփյուռքում հրատարակվող նոր գրքերը՝ գեղարվեստական, գիտական, փաստավավերագրական, արխիվային ուսումնասիրություններ, ժողովածուներ, մենագրություններ եւ ականատեսների հուշեր, որոնք սկսել են գրի առնվել դեռ 1916 թվականից:

Ինչպես ներկայացնում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այդ լուրջ ու խիստ կարեւոր գործը ժամանակին իր վրա էր վերցրել դեռ Հովհաննես Թումանյանը: Նա իր փոքր խմբով Էջմիածնում, Սարդարապատում եւ այլուր ապաստանած փախստականներին ոչ միայն օգնում էր, այլեւ գրի էր առնում նրանց պատմածը այն ամենի մասին, որ բաժին էր հասել իր դժբախտ հայրենակիցներին Արեւմտյան Հայաստանում:

Մեկ ամսից Ազգային արխիվը կհրատարակի «Վշտապատում» խորագրով եռահատորի առաջին երկու հատորները, որոնք ամփոփում են 1916 թվականից մինչեւ մեր օրերը հավաքված ականատեսների վկայությունները եւ հուշերը: Վիրաբյանի խոսքով՝ առաջիկայում դեռ շատ անելիք ունեն եւ մտադիր են մինչեւ 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, «Ես մեղադրում եմ» խորագրի ներքո հատորներով ներկայացնել այն ամենը, ինչ հավաքված է:

«Հատորների քանակը մոտավորապես 20-22 կլինի, չեմ ասում, որ կարող ենք մինչեւ 2015 թվականին ավարտել, բայց բոլոր անկետաները մենք տպագրելու ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրենը:

Վիրաբյանի խոսքով՝ այսօր քաղաքակիրթ աշխարհի վրա այսօր շատ ավելի մեծ տպավորություն կարող է գործել ցեղասպանությանը զոհ դարձած յուրաքանչյուր հայ ընտանիքի եւ նրա անդամի մասին պատմությունը կոնկրետ անուններով, որ գրի է առնվել դեռ 1916 թվականից սկսած, քան պարզապես «1.5 միլիոն զոհ» արտահայտությունը հնչեցնելը:

Ցեղասպանությունից մազապուրծ հայերի հուշերը շուրջ վեց տասնամյակ գրի է առել նաեւ անվանի գիտնական Վերժինե Սվազլյանի, որի` անցյալ տարի անգլերեն եւ հայերեն հրատարակած «Հայոց ցեղասպանություն. Ականատեսներ-վերապրողների վկայություններ» խորագրով ժողովածուն պիտի այս տարի հրատարակվեր նաեւ Թուրքիայում հայտնի գրահրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի կողմից: Սակայն Զարաքօլուի ձերբակալությունը եւ նրա նկատմամբ դատական հետապնդումը փոքր-ինչ հետաձգեցին գրքի հրատարակությունը:

Մինչ այժմ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բայց դեռ 1919 թվականին երիտթուրքական կառավարության տապալումից հետո թուրքական դատարանի վճռով մահվան են դատապարտվել երիտթուրքերի պարագլուխները՝ հայերի ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերը, Ջեմալը, Թալեաթը եւ այլք, որոնց, սակայն, հաջողվել է անվնաս հեռանալ երկրից եւ ապաստան գտնել այլ երկրներում:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ազգային արխիվը չի պատրաստվում հրատարակել այդ դատական նյութերը տարբեր լեզուներով առանձին գրքերով, Վիրաբյանն պատասխանեց, որ կառավարության որոշմամբ մինչեւ 2015 թվականը պատրաստվում են հրատարակել այդ նյութերը, որոնք շատ կարեւոր են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այդ թվում՝ Թուրքայի կողմից ճանաչման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG